Մատչելիության հղումներ

Էրդողանը Օբամայի հետ հեռախոսազրույցում քննարկել է Գազայի իրադարձությունները


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Գազայի իրադարձությունները:

Ինչպես տեղեկացնում է «Ֆրանսպրես» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Թուրքիայի վարչապետի գրասենյակից ստացված տեղեկությունները, շուրջ մեկ ժամ տեւած հեռախոսազրույցում Էրդողանը Օբամային ասել է, թե Իսրայելը իր գործողություններով կարող է կորցնել Մերձավոր Արեւելքում իր «միակ բարեկամին»` Թուրքիային:

«Քայլերը, որ Իսրայելը կձեռնարկի առաջիկա օրերին, որոշիչ կլինեն տարածաշրջանում նրա դիրքի առումով», - ասել է Թուրքիայի վարչապետը` «անընդունելի անօրինականություն» որակելով Գազայի հատված մարդասիրական օգնություն փոխադրող նավերի վրա Իսրայելի հարձակումը, որի հետեւանքով 9 մարդ է զոհվել:

Էրդողանը նաեւ ընդգծել է, որ Գազայի հատվածի շրջափակումը Իսրայելի կողմից պետք է վերացվի, եւ պաշտոնական Թել Ավիվին կոչ է արել ազատ արձակել կալանված նավերը եւ դրանց ուղեւորներին:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, իր հերթին, հայտարարել է, թե պաշտոնական Անկարան հիասթափված է Իսրայելի գործողությունների առնչությամբ Վաշինգտոնի արձագանքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG