Մատչելիության հղումներ

Ռուսական ինտերնետային ֆորումներում ու պարբերականներում շարունակվում են քննարկումները հայտնի ռոք երաժիշտ Յուրի Շեւչուկի եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի միջեւ օրեր առաջ տեղի ունեցած երկխոսության շուրջ, որի ընթացքում Շեւչուկը մի շարք սուր հարցեր էր բարձրացրել երկրում խոսքի ազատության, ժողովրդավարությունը ճնշելու ու մարդու իրավունքների պաշտպանության մասին։

Քննարկումը տեղի էր ունեցել Սանկտ Պետերբուրգում` արյան քաղցկեղով եւ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին օգնություն տրամադրող արվեստագետների հետ հանդիպման ժամանակ։

«Ես մի քանի հարց ունեմ Ձեզ», - դիմելով վարչապետին` ասել էր Շեւչուկն ու թվարկել. - «Առաջինը վերաբերում է խոսքի ազատությանը, երկրորդը` օրենքի հանդեպ բոլորի հավասարությանը։ Դուք իսկապե՞ս ունեք ծրագրեր Ռուսաստանը ազատականացնելու ու ժողովրդավար դարձնել ուղղությամբ, որպեսզի հասարակական կազմակերպությունները չճնշվեն, որպեսզի մենք դադարենք վախենալ ոստիկաններից, քանի որ նրանք հիմա ծառայում են իրենց ղեկավարությանը, ոչ թե ժողովրդին»:

Հայտնի ռոք երաժիշտը բացահայտել էր նաեւ նման հանդիպումներ կազմակերպելու` իշխանական վարչակազմի սցենարը: «Տեղյա՞կ եք, որ հանդիպումներից առաջ ձեր օգնականներից մեկը զանգահարել էր ինձ եւ կես ժամ շարունակ համոզում էր այս կամ այն հարցը չտալ», - հայտարարել էր Շեւչուկը։

«Ցավոք, զրույցը երկար չշարունակվեց, սակայն ես հասցրեցի վարչապետին տալ ամենակարեւոր հարցը` ի՞նչ երկրում են ապրելու մեր երեխաները», - «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ռոք երաժիշտն ու մանրամասնել. - «Ես ներկայացրի մեր երկրում տիրող մռայլ, կոռումպացված անմարդկային մթնոլորտը, որից դուրս գալու միակ ելքը ժողովրդավարությունն է, ինչին համաձայնեց նաեւ վարչապետ Պուտինը։ Առանց օրենքի գերակայության ու ժողովրդավարության Ռուսաստանը ապագա չունի` սա Պուտինի բառերն են»։

Հանդիպման ընթացքում վարչապետն իսկապես ընդունել էր, որ անհրաժեշտ է ապահովել խոսքի ու հավաքների ազատությունը, եւ ընդգծել, որ դրանք օգտակար են իշխանությունների համար, քանի որ թույլ են տալիս բացահայտել հասարակությանը հուզող խնդիրները։ Պուտինի այս հայտարարությունից ժամեր անց սակայն, մայիսի 31-ին, ոստիկանները հերթական, արդեն իններորդ անգամ ճնշել էին ընդդիմության բողոքի ցույցերը Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում։ Ձերբակալվել էր շուրջ 200 մարդ, մի քանիսը լուրջ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:

«Երբ ոստիկանները սկսեցին ձերբակալությունները, ես գոռացի` ամո'թ, ամո'թ, հենց դրանով էլ երեւի գրավեցի նրանց ուշադրությունը», - պատմել է ընդդիմադիր «Համերաշխություն» շարժման ակտիվիստ Ալեքսանդր Արտեմեւը, որի ձեռքը իրավապահները կոտրել են բողոքի ցույցի ժամանակ։ - «Հիմա հիվանդանոցում եմ` ձախ ձեռքիս մի քանի ջարդվածքներով, եւ առաջիկա երեք ամիսներին ստիպված կլինեմ գիպսով քայլել»։

«Շատերն են արդեն համոզվել, որ երբ վարչապետ Պուտինը մի բան է խոստանում, ապա պետք է իրականում ակնկալել ճիշտ հակառակը», - իր հերթին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նկատել է ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ Իլյա Յաշինը եւ մանրամասնել. - «Երբ Պուտինը հայտարարեց, որ անհրաժեշտ է թույլ տալ բողոքի ցույցերը, միանգամից սկսեցինք կասկածել, որ այս անգամ, ամենայն հավանականությամբ, բողոքի ցույցը ճնշեկու են առանձնակի դաժանությամբ»:
XS
SM
MD
LG