Մատչելիության հղումներ

Վահան Հովհաննիսյանը նոր վտանգներ է մատնանշում Եվրախորհրդարանի բանաձեւում


ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը Եվրոպական խորհրդարանի թիվ 2216 բանաձեւում Հայաստանի համար վտանգավոր դրույթներ է տեսնում, որոնք պատշաճ ուշադրության չեն արժանացել։

Վահան Հովհաննիսյանի գնահատմամբ, բանաձեւում տեղ գտած ձեւակերպումը, որը վերաբերում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահին Եվրամիության մանդատ տալու առաջարկին, հայկական կողմի համար աննպաստ է։

«Սրա վտանգն այն է, որ կանցնի որոշ ժամանակ, եւ անխուսափելիորեն կներկայացվի առաջարկ՝ ռոտացիայի ենթարկել այդ մանդատը», - նշեց դաշնակցական պատգամավորը՝ պարզաբանելով. - «Եթե սա Եվրամիության մանդատ է, ուրեմն ինչո՞ւ միշտ Ֆրանսիան։ Դա կարող է լինել Բրիտանիան, Իսպանիան, Գերմանիան, որը կտրականապես կխախտի Մինսկի խմբում ձեւավորված բալանսը»։

Ըստ Վահան Հովհաննիսյանի, նույն տրամաբանությամբ՝ մեկ օր էլ կառաջարկեն Ռուսաստանի փոխարեն ռոտացիոն սկզբունքով ԱՊՀ-ի անդամ երկրներից մեկին տալ Մինսկի խմբի մանդատը։

Երկրորդ վտանգավոր խնդիրը, ՀՅԴ խմբակցության ղեկավարի գնահատմամբ, Սեւծովյան Միություն ստեղծելու առաջարկն է։

«Սեւծովյան Միության մեջ տոն տվող երկու պետությունները Ռուսաստանը եւ Թուրքիան են լինելու», - վստահեցրեց Հովհաննիսյանը։

Հայաստանի իշխանությունները պետք է հենց այս պահից կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն, կարծում է դաշնակցական պատգամավորը։

«Մեր իշխանությունները պետք է հասկանան, որ ընդդիմության ձայնը պետք է լսել», - ընդգծեց Վահան Հովհաննիսյանը. - «Ընդդիմությանը չլսելը տանում է դեպի փակուղի, տանում է դեպի անդունդ»։

Դաշնակցական պատգամավորը նաեւ հստակեցրեց, որ ընդդիմություն ասելով նկատի ունի կոնկրետ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը, որը, մոտ մեկ տարի առաջ դուրս գալով իշխող կոալիցիայից` անցավ ընդդիմության շարքերը։

Մայիսի 20-ին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունվեց բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովը հեղինակած թիվ 2216 բանաձեւը, որը հստակեցնում է Հարավային Կովկասում Եվրամիության որդեգրած ռազմավարության հիմնական ուղղությունները։ Բանաձեւում, մասնավորապես, անդրադարձ է արվում հարավկովկասյան սառեցված հակամարտությունների՝ նախեւառաջ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը։

Ինչպես Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, այնպես էլ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ խստորեն քննադատել են Եվրախորհրդարանի այս բանաձեւը։
XS
SM
MD
LG