Մատչելիության հղումներ

Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը («Հրազդան-5»), ըստ «Գազպրոմ»-ի վարչության նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւի, ամենայն հավանականությամբ, շահագործման կհանձնվի մինչեւ տարեվերջ։ Նա նաեւ նշել է, որ ներդրումային ծրագիրը մի փոքր շեղվել է սկզբնական արժեքից, եւ այն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 60 միլիոն ԱՄՆ դոլար։

«Հրազդան-5»-ի ողջ ներդրումային ծրագիրը գնահատվում էր շուրջ 430 միլիոն դոլար, այդ թվում՝ 250 միլիոն էներգաբլոկի գինը, որը «Գազպրոմ»-ը 2006 թվականին վճարել է Հայաստանի կառավարությանը, եւ 180 միլիոն` ուղղակի ներդրումները։ Էներգաբլոկի հզորությունը կլինի 480 ՄՎտ։

Ըստ «Կապիտալ» օրաթերթի, Գոլուբեւը նաեւ հայտարարել է, թե Իրան-Հայաստան նավթամթերքի խողովակաշարը իրատեսական նախագիծ է եւ այն, ամենայն հավանականությամբ, կիրականացվի, ու «Գազպրոմ»-ը կարող է մասնակցել այդ նախագծի իրականացմանը` որպես «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետեր։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Իրան-Հայաստան վերամշակված նավթամթերքի խողովակաշարն ունենալու է 250 մմ տրամագիծ։ 200-240 միլիոն դոլար արժողությամբ այդ նախագիծը երկու տարվա ընթացքում իրականացնելու նպատակով կստեղծվի հավասար բաժնեմասերով հայ-իրանական համատեղ ձեռնարկություն։ Խողովակաշարի կառուցման ժամանակ 60-70%-ով կօգտագործվեն Իրան-Հայաստան գազատարի արդեն առկա հարթակները։

Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում նավթամթերքի վերամշակման գործարանի հայ-ռուս-իրանական նախագծին, ապա, ըստ Գոլուբեւի, դրա վերաբերյալ դեռեւս դրական որոշում չի կայացվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG