Մատչելիության հղումներ

Հայաստանում հաշվառվում է 179,257 հաշմանդամ, որից 8358-ը երեխաներ են` այդ թվում եւ մտավոր խնդրիներ ունեցող: Վերջիններիս համար Հայաստանում այսօր գործում է 14 դպրոց եւ 2 հատուկ մանկատուն:

«Ի տարբերություն գիշերօթիկներում ու մանկատներում ապրող երեխաների ընդհանուր թվի, որը շատ դանդաղ, բայց գնալով նվազում է, հաշմանդամ երեխաների թիվը հատուկ տիպի հաստատություններում չի նվազում», - բացատրեց «Յունիսեֆ»-ի երեխաների պաշտպանության ծրագրի ղեկավար Հայկ Խեմչյանը` տեղաշարժի բացակայությունը պայմանավորելով ցերեկային խնամքի կենտրոնների անբավարար քանակով:

«Այլընտրանքներ առաջարկվում են բոլորին, մասնավորապես` խնամակալ ընտանիքներում երեխաներին տեղավորելը, որդեգրումը, ցերեկային խնամքի ծառայությունները եւ այլն, բայց ոչ բոլորի դեպքում են այդ այլընտրանքները կիրառելի», - բացատրեց Հայկ Խեմչյանը:

Մասնագետները նշում են, որ հիմնականում ծնողների համար բարդ է մտավոր խնդիր ունեցող երեխային պահել տանը, որովհետեւ իրենք աշխատում են, ինչն էլ առաջացնում է ցերեկային խնամքի կենտրոնների անհրաժեշտությունը: Հայկ Խեմչյանը նշեց, որ դրանց թիվը Հայաստանի տարածքում նախատեսվում է հասցնել 25-ի` ըստ Հայաստանի` երեխաների իրավունքների պաշտպանության գործողությունների ազգային ծրագրի: Այս պահին խնամքի կենտրոններ գործում են, բայց ոչ բոլոր համայնքներում ու մարզերում:
«Նախատեսվում է մշակել երեխաների խնամք եւ պաշտպանություն իրականացնող հաստատությունների բեռնաթափման ծրագիր, որը կօգնի այդ հաստատություններից դուրս երեխաներին ապահովել խնամքի այլընտրանքային ծառայություններ», - ասաց «Յունիսեֆ»-ի ներկայացուցիչը:

Օրինակ` Երեւանի Շենգավիթ համայնքում գործում է «Փրկություն» հաշմանդամ երեխաների ցերեկային խնամքի կենտրոնը: Վերջինիս նախագահ Արփինե Աբրահամյանը նշում է, որ իրենց կենտրոնը օգնում է, որպեսզի սոցիալական վատ պայմաններում ապրող եւ մտավոր խնդիրներ ունեցող երեխան չզրկվի սեփական ընտանիքից:

«Փրկություն» կենտրոնը սկսել է գործել 1999-ին, երբ այստեղ այցելում էր միայն 12 երեխա: Այսօր նրանց թիվը հասել է 52-ի:

XS
SM
MD
LG