Մատչելիության հղումներ

Դոնի Ռոստովում կայացավ Սերժ Սարգսյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի հանդիպումը


Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները Դոնի Ռոստովում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են մի շարք տնտեսական խնդիրներ, ինչպես նաեւ հայ - թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր։ Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հանդիպման մեկնարկին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդ Դմիտրի Մեդվեդեւը։

«Այժմ մենք Ձեզ հետ աշխատանքային հանդիպում կանցկացնենք` ներկայիս իրավիճակի շուրջ մտքեր փոխանակելու նպատակով, քանի որ կա նման անհրաժեշտություն», - հայտարարել է նախագահ Մեդվեդեւը եւ հավելել. - «Անշուշտ, կան տնտեսական հարցեր, որոնք միշտ քննարկվում են Ձեր` Ռուսաստան եւ իմ` Հայաստան կատարած այցերի ընթացքում»։

Ռուսաստանի նախագահը նաեւ հաղորդել է, որ մտադիր է հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանին ներկայացնել եվրոպացի գործընկերների հետ ունեցած իր հանդիպումների արդյունքները, այդ թվում` հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ։ «Ձեզ հաղորդելու, Ձեզ հետ կիսվելու բան կա», - ասել է Ռուսաստանի նախագահը, ով նաեւ շնորհակալություն է հայտնել Հայաստանի նախագահին` Հաղթանակի 65-ամյակին նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար։ Մեդվեդեւի խոսքով, դա ցույց է տալիս «երկու երկրների մտերմության աստիճանն ու ռազմավարական հարաբերությունների առաջընթաց զարգացումը»։

Իր հերթին, նախագահ Սարգսյանը ընդգծել է երկկողմ հանդիպումներ անցկացնելու կարեւորությունը եւ նշել, որ հպարտությամբ է մասնակցել Երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակի 65-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ «Ես հպարտ էի, եւ այդ շքեղ ռազմահանդեսը հրաշալի վկայություն էր մեր ընդհանուր պատմության եւ մարտական եղբայրության», - ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` ասել է Սերժ Սարգսյանը։

Հայաստանի նախագահը նշել է, որ Մեդվեդեւի հետ բանակցություններից հետո մտադիր է հանդիպել նաեւ Դոնի Ռոստովի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG