Մատչելիության հղումներ

logo-print

Երեքշաբթի օրը Մոսկվայում իր տանը մահացել է անվանի բանաստեղծ Անդրեյ Վոզնեսենսկին։ Մահվան լուրը հայտնել է պոետի կինը` գրող եւ գրաքննադատ Զոյա Բոգուսլավսկայան։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, 78-ամյա Անդրեյ Վոզնեսենսկին տարեսկզբին ուղեղի կաթված էր տարել եւ վերջին ժամանակաշրջանում ծանր վիճակում էր։

Վոզնեսենսկին բազմաթիվ ժողովածուների եւ հոդվածների հեղինակ է, արժանացել է խորհրդային, ռուսաստանյան եւ արտասահմանյան մրցանակների։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել եւ հրատարակվել են բազմաթիվ երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, որտեղ պոետը ծանոթացել եւ բարեկամացել է «բիթնիկների» շարժման լիդերներից Ալեն Գինզբերգի հետ։

Անդրեյ Վոզնեսենսկին, Եվգենի Եվտուշենկոն, Բելա Ախմադուլինան աննախադեպ ժողովրդականություն էին վայելում անցյալ դարի 60-ական թվականներին, նրանց հրապարակային ելույթներին ներկա են եղել հազարավոր երկրպագուներ։ Նիկիտա Խրուշչեւի ղեկավարության շրջանում այդ պոետները հետապնդվել են իշխանությունների կողմից։

Ըստ գրաքննադատների` բարեկամությունը Նոբելյան մրցանակի դափնեկիր Բորիս Պաստերնակի հետ մեծ ազդեցություն է գործել Վոզնեսենսկու վրա։

Անդրեյ Վոզնեսենսկին վերջին տարիներին ապրել եւ ստեղծագործել է հիմնականում Պերեդելկինոյի իր ամառանոցում, որի հարեւանությամբ է գտնվում Բորիս Պաստերնակի ամառանոց-թանգարանը։

Տարին երկու անգամ` փետրվարի 6-ին եւ մայիսի 30-ին` Պաստերնակի ծննդյան եւ մահվան օրերին, Վոզնեսենսկին Պերեդելկինոյում գրական ընթերցումների երեկոներ էր կազմակերպում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG