Մատչելիության հղումներ

Հունիսի 1-ի մամուլ


Ազատության հրապարակ ընդդիմության ակտիվիստների մուտքն արգելող ոստիկաններին բնութագրելով իբրեւ «հրոսակախումբ»` «Հայկական ժամանակ»-ը գնահատում է. - «Սա Հայաստանի Սահմանադրության կոպիտ խախտում է, ու այս մասին գոնե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները հաստատ գիտեն: Նման քայլի ոստիկանությունը կարող է գնալ կամ սեփական լիակատար անպատժելիության գիտակցումով, կամ էլ ստեղծված իրավիճակից շատ մեծ վտանգ տեսնելու պատճառով: Ոստիկանների համար այսօր Հայաստանում, իհարկե, լիակատար անպատժելիություն է` նրանք կարող են անգամ բաժանմունքներում մարդ սպանել, այնուհետեւ ներկայացնել դա որպես ինքնասպանություն: Սակայն անցած երկու տարիներին միջազգային բազմաթիվ կառույցները մեր իրավապահ մարմինների ապօրինությունների մասին հաստափոր «դոսյեներ» են կազմում եւ այնուհետեւ օգտագործում են դրանք Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու նպատակով: Ահա թե ինչու ոստիկանների գործողությունները հենց խուճապային վախի դրսեւորում են, որը հօդս է ցնդեցնում իշխանությունների ամրության, ուժեղության, անսասանելության մասին օրը 24 ժամ իրականացվող քարոզը»:

Թեման շարունակում է «Հրապարակ»-ը` խմբագրականում արձանագրելով. - «Շատ խորհրդանշանակ էր, որ հենց անկախության կամ, ինչպես պաշտոնական անվանումն է` Հանրապետության տոնին հաջորդեցին բռնություններ ցուցարարների նկատմամբ: Օպերայի մոտ վերջին օրերին կատարվող իրադարձությունները ոչ մի սահմանների մեջ չեն տեղավորվում: Մի երկիր, որտեղ չի հարգվում բողոքներ, ցույցեր, հանրահավաքներ անելու սահմանադրական տարրական նորմը, ինչպե՞ս կարող են հարգվել պետության ու պետականության գաղափար, մարդու իրավունքները, քաղաքացիների ազատ արտահայտվելու, ազատ ապրելու կամքը»:

«Ժամանակ» թերթը գրում է. - «Թուրք-իսրայելական լարվածությունն ուղղակիորեն արդեն իսկ շոշափում է նաեւ Հայաստանի շահերը, քանի որ խոսքը գնում է այդ լարվածությանը Հայաստանի առնվազն մեկ մերձավոր հարեւանի ներգրավման մասին` երկրորդ հարեւանի պոտենցիալ ներգրավման վտանգով հանդերձ: Եվ ընդհանրապես, թուրք-իսրայելական հակամարտության լարումը չի կարող որեւէ կերպ ազդեցություն չունենալ Հարավային Կովկասի իրադրության վրա»: Անդրադառնալով Հայաստանի ներքին իրավիճակին` հոդվածագիրը ամփոփում է. - «Այն ժամանակահատվածում, երբ միջազգային ասպարեզում Հայաստանի, այսպես ասած, քթի տակ մեծանում է լարվածությունը` մինչեւ անգամ ռազմական բախման հեռանկարով, Հայաստանի իշխանությունը հասարակական երկխոսությանն ուղղված ջանքերը մեծացնելու եւ ներպետական հասարակական համաձայնության միջոցով լարված իրավիճակում Հայաստանի ներքին դիմադրունակությունը բարձրացնելու, երկրի խոցելիության աստիճանը նվազեցնելու փոխարեն, է'լ ավելի է ուժգնացնում իր պատերազմը իր քաղաքացիների դեմ` երեւի թե ակնկալելով, որ քանի դեռ աշխարհը զբաղված է իր խնդիրներով, միգուցե ժամանակն է օգտվել առիթից եւ լուծել սեփական քաղաքացիների ակտիվության հարցերը»:

«Հայոց Աշխարհ» թերթը հետեւյալ հարցն է ուղղում ՀՅԴ Բյուրոյի անդամ Լեւոն Մկրտչյանին. - «Ձեր կարծիքով, ի՞նչ նկատի ուներ նախագահը՝ ասելով, որ ՆԱՏՕ-ն, որպես Եվրոպայի անվտանգության միակ երաշխավոր, չի կարող մի կողմ քաշվել, եթե Ադրբեջանը, Աստված մի արասցե, ռազմական նոր արկածախնդրություն ձեռնարկի Ղարաբաղի դեմ»։ Մկրտչյանը պատասխանում է. - «ՆԱՏՕ-ի կանոնադրությունը թույլ չի տալիս անմիջականորեն ներգրավվել ռազմական հակամարտությունների մեջ։ Պատահական չէ, որ ՆԱՏՕ-ն փորձում է պահպանել հավասարակշռությունը նույնիսկ իր անդամ երկու երկրների՝ Հունաստանի եւ Թուրքիայի հետ հարաբերություններում, եւ դա նաեւ Եվրոպայի անվտանգության սկզբունքային հարցադրումներից մեկն է։ Բայց որպես հզոր ռազմաքաղաքական կազմակերպություն, իհարկե, կարողանում է ազդել այն երկրների վրա, որոնք ներգրավված են նույն Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում։ Թուրքիայի ակտիվացումը, շարունակական փորձերը՝ դերակատար դառնալու Ղարաբաղի հարցում, պայմանավորելու հայ-թուրքական հարաբերությունները Ղարաբաղի հարցով, պահանջում է, որ հայկական կողմն էլ որոշակի ճշգրտումներ կատարի այդ ուղղությամբ։ Կարծում եմ, նախագահի հայտարարությունը այս համատեքստում պետք է դիտարկել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG