Մատչելիության հղումներ

Եվրամիության արտգործնախարար Քեթրին Էշթոնը առաջարկում է վերացնել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում Միության հատուկ ներկայացուցիչների պաշտոնները։

Միության անդամ երկրները դեռ պետք է քննարկեն բանագնացների պաշտոնները չեղյալ հայտարարելու մասին Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի առաջարկը։

«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում հավատարմագրված թղթակից Ահթո Լոբյակասի փոխանցմամբ` առաջարկը ինչ-որ չափով անակնկալ է ոչ միայն երկրներից շատերի, այլեւ հենց բանագնացների համար։ Մեկնաբանները չեն բացառում, որ այդ առաջարկը վկայում է Հարավային Կովկասի եւ Մոլդովայի նկատմամբ Եվրամիության հետաքրքրության անկման մասին։

Քեթրին Էշթոնը Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարներին մայիսի 21-ին դիմել է նամակով, որում կան առաջարկին վերաբերող պարզաբանումներ։

Բանագնացներն ունեն հատուկ ներկայացուցչի կարգավիճակ, նրանք անմիջականորեն ենթարկվում են Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչին, թեպետ կոնսենսուսի եղանակով առաջադրվել են 27 երկրների կողմից եւ պարբերաբար խորհրդակցում են Բրյուսելում հավատարմագրված Միության անդամ երկրների դեսպանների հետ։

Հարավային Կովկասից եւ Մոլդովայից զատ, Եվրամիությունը ունի եւս 9 հատուկ ներկայացուցիչ` Սուդանում, Կոսովոյում, Մակեդոնիայում, Բոսնիայում, Կենտրոնական Ասիայում, Աֆղանստանում, Աֆրիկայի Մեծ լճերի շրջանում, Աֆրիկյան միությունում եւ Մերձավոր Արեւելքում։

Քեթրին Էշթոնը առաջարկում է հրաժարվել հեռավոր շրջաններում ներկայացուցիչներից, միավորել Եվրոպական հանձնաժողովի որոշ պատվիրակություններ եւ պահել միայն այն առաքելությունները, որոնք Եվրամիության համար ունեն մեծ նշանակություն։

Մեկնաբանները նշում են, որ Եվրոպական միության դիվանագիտական կորպուսի` Արտաքին գործողության ծառայության ստեղծումը ինքնին ենթադրել է հին համակարգի փոփոխություն, բայց Քեթրին Էշթոնի առաջարկների արմատական էությունը, այնուամենայնիվ, անսպասելի էր։

Այսպիսով, Եվրամիությունը կարող է հրաժարվել Հարավային Կովկասում եւ Մոլդովայում իր ներկայացուցիչներ Փիթեր Սեմնեբիի եւ Կալման Միչեի ծառայություններից. երկուսի լիազորությունների ժամկետը սպառվում է այս տարվա օգոստոսի 31-ին։

Ահթո Լոբյակասի փոխանցմամբ, այդ իրողությունը կարող է բացասական ազդեցություն գործել տարածաշրջանի երկրների կառավարությունների եւ մամուլի տեսակետները Եվրոպական միություն հասցնելու առումով։

Փիթեր Սեմնեբին իր աշխատանքային ժամանակի մեծ մասն անցկացնում է տարածաշրջանում, որտեղ լիազորված է խոսել Եվրոպական միության անունից։ Նա, հավանաբար, կշարունակի որոշ ժամանակ պաշտոնավարել նաեւ օգոստոսի 31-ից հետո` մինչեւ դիվանագիտական կորպուսում կնշանակվի Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու։ Ենթադրվում է, որ դա կլինի ոչ բարձրաստիճան մի դիվանագետ Բրյուսելում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG