Մատչելիության հղումներ

Արվեստի բուհի ռեկտորն` ընդդեմ ուսխորհրդի «անօրինական» նախագահի


Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիա
Երեւանի Գեղարվեստի պետական ակադեմիա

Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողական խորհուրդը եւ ռեկտոր Արամ Իսաբեկյանը որոշ հարցերում ընդհանուր հայտարարի չեն գալիս. ռեկտորը չի ընդունում ուսխորհրդի ընտրությունը եւ չի հաստատում Մարգարիտա Սիրեկանյանին որպես ուսանողական խորհրդի նախագահ:

«Ես կուսակցական եմ` Հանրապետական կուսակցությունից: Մեր ուսխորհրդի ընտրությունները հանգիստ ու բաց են ընթացել, ոչ մի ուսանող չի բողոքել», - ասաց Մարգարիտան:

Ըստ Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի, որը պետական բուհերի ուսխորհուրդների միությունն է, Մարգարիտա Սիրեկանյանը ընտրվել է եւ հիմա օրինական ուսխորհրդի նախագահն է, բայց ռեկտորը նրան չի ընդունում, կարգադրել է փոխել ուսխորհրդին հատկացված սենյակի փականը, որպեսզի Մարգարիտան ու մյուսները այլեւս բանալի չունենան: Այս կապակցությամբ` ուսանողական ասոցիացիան դիմել է կրթության եւ գիտության նախարարություն եւ կարծում է, որ հարցը կլուծվի ի օգուտ Մարգարիտայի:

Իսկ Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, ով «Բարգավաճ հայաստան» կուսակցության անդամ է, «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում բացատրեց, որ ուսխորհրդին չի ընդունում, որովհետեւ այն պարզապես անօրինական է:
- «Մեր ուսխորհուրդը աշխատում էր մի կանոնադրությամբ, որը հաստատված չէր գիտխորհրդի կողմից», - պատմեց ռեկտորը:

Կանոնադրությունը հաստատելուց առաջ ուսխորհրդին հանձնարարել են փոփոխել այն, ինչը ուսանողները չեն արել ու որոշ ժամանակ անց ներկայացրել են հին կանոնադրությամբ ընտրված նոր նախագահին` ի դեմս Մարգարիտա Սիրեկանյանի:

Ռեկտորը չի պատրաստվում հանդուրժեն «անօրինական» ընտրված ուսխորհրդի նախագահին, ուսանողներն էլ պատրաստվում են «խնդիրը տանել մինչեւ վերջ»` բացատրելով, որ այս հարցում «կուսակցական» խնդիր չկա:

XS
SM
MD
LG