Մատչելիության հղումներ

Կապանցիները դեմ են քաղաքում հանքը բաց եղանակով շահագործելուն


Կապան քաղաքի կենտրոնական հրապարակը

Կապան քաղաքի կենտրոնական հրապարակը

Կանադական Dino Gold Mining ընկերությունը պատրաստվում է շահագործել Կապանի Շահումյան թաղամասի բազմամետաղային հանքը` բաց եղանակով։ Կապանցիներից շատերը, սակայն, չնայած նոր աշխատատեղերի բացման հեռանկարին, դեմ են դրան:

Ըստ որոշ տեղեկությունների, ընկերության ներկայացուցիչների նպատակը բաց հանքից ոսկի, պղինձ, արծաթ, ցինկ կորզելն է։

Կոմբինատի մամուլի խոսնակ Նորայր Աղայանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ առայժմ հետախուզական աշխատանքներ են ընթանում:

«Այս հանքային մարմինները մենք այսօր մշակում ենք փակ եղանակով: Եվ նույն հանքային մարմինները մենք այսօր դիտարկում ենք որպես պոտենցիալ ունեցող հանքային մարմիններ, որոնք կարելի է բաց մշակման եղանակով վերամշակել», - նշեց Աղայանը:

Բաց հանքում աշխատատեղերի քանակը կարող է հասնել տասնյակների, տեղացիները, սակայն, առավելապես դժգոհում են բաց հանքի հնարավոր վնասներից։

Սյունիքի մարզի բնակիչներն անհանգստացած են էկոլոգիական խառնաշփոթով:

«Եթե ժողովրդին վնաս է, ինչո՞ւ են բացում, ժողովրդին կկոտորե՞ն», - վրդովվում են տեղի բնակիչները:

«Էկոլոգիական անվտանգության ապահովում եւ ժողովրդավարության զարգացում» հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի խոսքով, իրենց կազմակերպությունը հաճախակի է ստանում բողոքներ կոմբինատի հերթական ծրագրի կապակցությամբ:

«Կատաստրոֆիկ արդյունք կունենա [այդ ծրագիրը] Կապան քաղաքի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա` պարզաբանելով. - «Շահումյանի հանքավայրը հենց որ սկսեն բացել, պիտի սկսեն պայթեցնել: Այդ փոշին, կեղտը, ռադիոցիան պիտի Կապանում լինի` քաղաքի կենտրոնում»:

Dino Gold Mining ընկերության տնօրեն Ռոբերտ Ֆալետան, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, թե «բաց հանքի շահագործումը որեւէ վտանգ չի պարունակում». - «Ավելի վտանգավոր չէ, քան հանքարդյունաբերության որեւէ այլ տեսակ»:

Տեղացիներից շատերի ուշադրությունը, սակայն, հիմա առավելապես սեւեռվել է իրենց բնակատեղիի խնդրի վրա։ Շահումյան թաղամասում բաց հանք շահագործելու ծրագրի պատճառով հարյուրավոր ընտանիքների մի մասը ստիպված է լինելու տեղափոխվել` միաժամանակ համակերպվելով կոմբինատի առաջարկած փոխհատուցման չափի հետ: Բայց կան նաեւ չհամակերպվողներ:

«Այսօրվա դրությամբ, այնպիսի գումար են հատկացնում, որ դրանով ես մի անկյուն չեմ կարող առնել` չորս պատ, որ անկողինը տեղավորեմ», - դժգոհեց միջին տարիքի մի տղամարդ, ում չի գոհացնում իր երկհարկանի տան ու հողամասի համար հատկացվելիք փոխատուցումը:

«Եթե մի շենքը գնահատվում է 6 միլիոն դրամ, դրանով ի՞նչ տուն կարող ես առնել», - տարակուսեց մեկ ուրիշը:

Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե խնդիրներ չկան հարյուրից ավելի ընտանիքների փոխհատուցման չափի հետ կապված. - «Ես խնդիրներ չեմ տեսնում: Բավականին նորմալ կոմբինատը այս մասով իր պարտավորությունները կատարում է»:
XS
SM
MD
LG