Մատչելիության հղումներ

Լեհաստանի դիրքորոշումը ԼՂ հարցում «չեզոք է»


Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկի:
Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկի:

«Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Լեհաստանի դիրքորոշումը չեզոք է: Մեր կարծիքով, այդ հարցը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով եւ հետեւյալ սկզբունքների հիման վրա` ժողովուրդների ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականության պահպանում», - լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը հայտարարեց Հայաստանում Լեհաստանի նորանշանակ դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Դեսպանը խուսափեց պատասխանել հարցին, թե արդյոք վերջերս Եվրախորհրդարանի ընդունած թիվ 1622 բանաձեւը (որը հայկական ուժերին կոչ է անում «դուրս հանել զինված ուժերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից») արտահայտում է Եվրամիության դիրքորոշումը: Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հիշեցնենք, դրան հակադարձել էր, թե «բանաձեւի որոշ դրույթներ հակասում են Եվրամիության դիրքորոշմանը, ինչը բազմիցս արտահայտվել է»:

Ռաչինսկին ասաց, թե բանաձեւի ձեւակերպումները շատ ընդհանրական են, իսկ «մանրամասների շուրջ պետք է բանակցեն երկու, նույնիսկ` 3 կողմերը»` ճշտելով, թե նկատի ունի «Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերին»:

Դեսպանը բացառեց նաեւ, թե Եվրախորհրդարանի այդ բանաձեւը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեության միջամտելու փորձ է` շեշտելով, թե «ԵԱՀԿ-ից բացի, որեւէ այլ կազմակերպություն` այդ թվում Եվրամիությունը եւ անգամ ՄԱԿ-ը, ընդգրկված չէ ղարաբաղյան բանակցություններում»:

Նրա խոսքով, այլ կազմակերպությունների եւ, հատկապես, Եվրամիության դերը կկարեւորվի հակամարտության կարգավորմանը հաջորդելիք (հետկոնֆլիկտային) շրջանում, երբ «անհրաժեշտ կլինի ծավալուն ֆինանսական, լոգիստիկ, կազմակերպչական աջակցություն ցուցաբերել տարածաշրջանին` հակամարտության հետեւանքները վերացնելու համար»:

Նրա ներկայացմամբ, Եվրամիության, եւ, մասնավորապես, Լեհաստանի հարավկովկասյան քաղաքականությունը «տարածաշրջանը իբրեւ մեկ ամբոջություն դիտարկելն է». - «Ոչ ոք այս տարածաշրջանի առանձին վերցրեծ մեկ երկրում ֆինանսական ներդրում չի կատարի, քանի դեռ ընդհանուր խաղաղություն եւ կայունություն չի հաստատվել»:

Լեհաստանը, հիշեցնենք, Եվրամիության Արեւելյան գործընկերության ծրագրի առավել ջերմեռանդ աջակիցներից է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG