Մատչելիության հղումներ

Մերձդնեստրում կալանավորված հայազգի լրագրողի ճակատագիրը անորոշ է մնում


Մոլդովա –– Իրինա եւ էրնեստ Վարդանյաններ
Մոլդովա –– Իրինա եւ էրնեստ Վարդանյաններ
Մեկ շաբաթից կլրանա Մերձդնեստրում լրտեսության եւ հայրենիքի դավաճանության մեջ կասկածվող հայազգի լրագրող Էռնեստ Վարդանյանի կալանքի երկու ամիսը, սակայն նախկինի նման լրագրողի հետագա ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ։

«Ազատություն» ռադիոկայանի մոլդովական ծառայության հետ զրույցում Էռնեստի կինը՝ Իրինա Վարդանյանը, ասել է, որ պարզ չէ, արդյոք նախաքննական մարմինը կդիմի՞ Էռնեստի կալանքը երկարաձգելու պահանջով, թե ոչ։

Ընտանիքի անդամների հետ վերջին անգամ Էռնեստին թույլատրել են հանդիպել մայիսի 11-ին՝ նրա ծննդյան օրը: Այդ նույն օրը Մերձդնեստրի հատուկ ծառայությունները տարածեցին նաեւ Էռնեստ Վարդանյանի ինքնախոստովանական ցուցմունքը, որտեղ նա խոստովանում էր, որ մոլդովական իշխանությունների պատվերով Մերձդնեստրում լրտեսություն է արել: Իրինան համոզված է՝ ամուսինը այդ քայլով ցանկացել պաշտպանել հարազատներին:

Էռնեստ Վարդանյանի կինն ասում է,որ քննչական մարմինը պնդում է, թե ամեն ինչ կարգին է նրա հետ, սակայն Իրինան համոզված է՝ «ամենապակասը նրա հոգեբանական իրավիճակը կարգին չէ, նրա մոտ անընդհատ տրամադրության փոփոխություն է նկատվում, գլխում անընդհատ վատ մտքեր են պտտվում»:

«Էռնեստը արտաքին աշխարհից կտրված է»,- հավաստիացնում է Իրինա Վարդանյանը: Նա ասում է՝ իր մոտ տպավորություն է, որ ամուսնու, նաեւ իրենց մասին բոլորն են մոռացել։ Էռնեստին օգնելու խնդրանքով բազմաթիվ միջազգային կառույցների, տարբեր երկրների նախագահներին հղած նամակներն անարձագանք են մնացել:

Կալանավորված լրագրողի ընտանիքը Էռնեստին ազատ արձակելու խնդրանքով բաց նամակ էր հղել Մեծ ութնյակի երկրների ղեկավարներին, նշելով, թե «լրագրողի ձերբակալությունը կատարվել է շինծու մեղադրանքով»:
Նմանատիպ մի դիմում էլ նրանք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին էին հղել:

Իրինա Վարդանյանը իրավիճակից մեկ ելք է տեսնում՝ ամուսնու ազատ արձակման խնդրանքով դիմել Մերձդնեստրի չճանաչված հանրապետության նախագահին:

«Այո, ես պատրաստ եմ գնալ, խոնարհվել նրա առաջ», – «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է Մերձդնեստրում կալանավորված լրագրողի կինը:
XS
SM
MD
LG