Մատչելիության հղումներ

Էրդողանը չի այցելի Արգենտինա


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը չեղյալ է հայտարարել իր այցը Արգենտինա` Աթաթուրքի կիսանդրու հետ կապված պատմության պատճառով:

Լատինամերիկյան շրջագայության ընթացքում Թուրքիայի վարչապետը Բուենոս Այրես էր ժամանելու երկուշաբթի օրը, նույն օրը նախատեսված էր նրա հանդիպումը Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների հետ:

Այդուհանդերձ, BBC-ի փոխանցմամբ, Ռեջեփ Էրդողանը չեղյալ է հայտարարել ծրագրված այցը, երբ Բուենոս Այրեսի քաղաքային իշխանությունները տեղի հայ համայնքի բողոքներից հետո որոշել են չկատարել Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հուշարձանի բացման արարողությունը, որը տեղի էր ունենալու Թուրքիայի վարչապետի այցի շրջանակներում:

Քաղաքապետի ներկայացուցիչ Դիեգո Սանտիլին անցած շաբաթավերջին ներողություն էր խնդրել հայ համայնքից, իր իսկ բնորոշմամբ` «ծանր սխալի» համար, եւ խոստացել թույլ չտալ Մուսթաֆա Քեմալի հուշարձանի բացումը:

Թուրքիայի արտգործնախարարությունը մեղադրել է Արգենտինայի հայկական կազմակերպություններին «թշնամական» միջամտության համար:

Հաղորդվում է, որ Քրիստինա Կիրշները հեռախոսազրույց է ունեցել Ռեջեփ Էրդողանի հետ` հավաստիացնելով, որ հասկանում է նրա դիրքորոշումը, սակայն միաժամանակ շեշտելով, որ իր երկրի կառավարությունը չի կարող չեղյալ հայտարարել քաղաքային իշխանությունների որոշումը:

BBC-ն նշում է նաեւ, որ Արգենտինան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած երկրներից է:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG