Մատչելիության հղումներ

Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը Apricot Stone երգով «Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթում գրավեց յոթերորդ տեղը:

Մրցույթի` շաբաթ ուշ երեկոյան կայացած եզրափակիչում Ռիվասը հանդես եկավ 21-րդը: Ինչպես եւ երկու օր առաջ կիսաեզրափակիչում` երգչուհին բեմ բարձրացավ անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ:

Մրցույթում առաջին տեղը գրավեց Գերմանիան ներկայացնող 19-ամյա երգչուհի Լենա Մայեր-Լանդրութը` Satellite երգով: Երկրորդ
«Եվրատեսիլ - 2010»-ի հաղթող Լենա Մայեր-Լադրութը
տեղում է Թուրքիան, երրորդում` Ռումինիան, չորրորդում` Դանիան, հինգերորդում` Ադրբեջանը, ե վեցերորդում` Բելգիան:

Հայաստանին ամփոփիչ աղյուսակում հաջորդում է Հունաստանը, իններորդ տեղում է Վրաստանը, լավագույն տասնյակը եզրափակում է Ուկրաինան:

«Եվրատեսիլ - 2010»-ին մասնակցում էր 39 երկիր, որոնցից եզրափակիչ էին անցել 25-ը:

Ուրբաթ օրը կայացած ասուլիսում Եվա Ռիվասը շեշտել էր, որ եզրափակիչում իրեն դժվարին պայքար է սպասում: «Մրցակիցներս շատ ուժեղ են, եւ եզրափակիչը շատ, շատ դժվարին կլինի: Իմ կարծիքով` այն իսկական ճակատամարտ է լինելու», - ասել էր երգչուհին:

Սա Հայաստանի հինգերորդ մասնակցությունն էր «Եվրատեսիլ» երգի մրցույթին, եւ մինչ այժմ ամենահաջող արդյունքը գրանցել է Սիրուշոն` 2008 թվականին «Քելե-քելե» երգով գրավելով չորրորդ տեղը: Երկու անգամ Հայաստանը գրավել էր ութերորդ տեղը, մեկ անգամ` տասներորդ:

Ինչպես եւ նախորդ տարի, այս անգամ եւս մրցույթի մասնակիցների միավորները հաշվարկվում էին ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության արդյունքների 50:50 հարաբերակցությամբ: Մի շարք երկրներից, որտեղից Հայաստանը մրցույթին մասնակցության առաջին տարիներին շատ բարձր միավորներ է ստացել, նոր կարգի ներդրումից հետո միջին կամ ցածր միավորներ են ստացվում, օրինակ` Ֆրանսիայից, Հունաստանից, Կիպրոսից, Բելգիայից, Շվեյցարիայից:

«Եվրատեսիլ»-ի եզրափակիչի ուղիղ հեռարձակումը մեծ էկրանի վրա ցուցադրվում էր Երեւանի կենտրոնում` Կարապի լճի հարեւանությամբ:


Եվա Ռիվասի ելույթը «Եվրատեսիլ - 2010»-ի կիսաեզրափակիչում

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG