Մատչելիության հղումներ

logo-print

Մայիսի 28-ին Հայաստանը տոնեց Հանրապետության օրը:

Երկրի ղեկավարությունը` նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորության, այցելեց Սարդարապատի հուշահամալիր, մասնակցեց Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին:

Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ Հայաստանի նախագահը եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը ծաղկեպսակներ զետեղեցին, ապա Վեհափառ հայրապետը կատարեց աղոթք Մայիսյան հերոսամարտերին զոհված հայորդիների հոգիների հանգստության համար:

Այնուհետեւ հուշահամալիրում տեղի ունեցավ ժողովրդական տոնախմբություն եւ համերգ:

«92 տարի առաջ, տեւական խզումից հետո իր պատմական տարածքի մի փոքր հատվածում հայ ժողովուրդը հռչակեց իր անկախությունը։ Մայիսի 28-ին հայը դարձավ պետության քաղաքացի։ Գիտակցության նման հեղափոխումը բնականաբար մեկ օրում չի կատարվում։ Մեր օրերում էլ կան մարդիկ, ովքեր դեռ չունեն պետության քաղաքացի լինելու գիտակցությունը, չեն զգում դրա ուժն ու պատասխանատվությունը», - ասված է, մասնավորապես, Հանրապետության օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հղած ուղերձում:

«Մայիսի 28-ի սխրանքը առաջին հերթին կատարվեց մեր գիտակցության մեջ եւ սրտերում։ Այն նախապատրաստվել ու հասունացել էր դարերի ընթացքում` մեր ժողովրդի անհավասար պայքարով ու դառը փորձով։ Վերջապես այն պսակվել էր 1918 թվականի մայիսյան հաղթանակներով, որոնք եկան վերահաստատելու անմարդկային զրկանքներ տեսած ու վերապրած ժողովրդի ապրելու կամքը: Ապրել ազատ, ապրել արժանապատիվ», - ընդգծում է նախագահը` մատնանշելով մայիսի 28-ի հետեւյալ դասերը. - «Դաս առաջին. ոչ ոք աշխարհում պարտավոր չէ կռվել քեզ համար եւ քո փոխարեն։ Դաս երկրորդ. ոչ ոք պարտավոր չէ քո փոխարեն հաստատել պետականություն։ Դաս երրորդ. պետական կառույցներ ձեւավորած ժողովրդի նկատմամբ կարելի է տանել առանձին հաղթանակներ, բայց անհնար է իրականացնել ցեղասպանություն։ Դաս չորրորդ. հայ ժողովուրդն ի վիճակի է լուծել իր առջեւ դրված ամենաբարդ, երբեմն անհնար եւ երեւակայական թվացող խնդիրները։ Հայ ժողովուրդն ուղղակի անպարտելի է, եթե աշխարհին ներկայանում է միասնական ճակատով։ Դաս հինգերորդ. պետք է հավատալ հայ ժողովրդի ունակություններին, հավատալ նրա կռվելու, կառուցելու, մտածելու, արարելու մեծ հնարավորություններին»։

«Մենք պատրաստվում ենք շատ հեռու գնալ, որովհետեւ մեր թիկունքում ունենք մայիսի 28, որովհետեւ շատ հեռվից ենք գալիս», - ասված է Սերժ Սարգսյանի ուղերձում, որը տրամադրել են նախագահի մամլո գրասենյակից:

Հանրապետության օրվա կապակցությամբ Ամենայն Հայոց Գարեգին երկրորդ կաթողիկոսի ուղերձում, որը տարածել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը, մասնավորապես, ասված է. - «Հարյուրամյակների դադարից հետո մեր ժողովրդի մղած մայիսյան հերոսական մարտերում ծնունդ առավ Հայաստանի առաջին Հանրապետությունը: Հայկական պետականության վերականգնումը ձեռք բերվեց անվեհեր ու սխրալից մաքառումով մեր ժողովրդի զավակների: Փրկվեց հայրենի փոքրիկ հողակտորը, որի վրա ծածանվեց հայոց պետականության դրոշը: Առաջին Հանրապետության հռչակումը պատմության շրջադարձային իրադարձություն էր, որ եղավ նաեւ վկայությունը մեր ժողովրդի ձգտումների` կառուցելու ժողովրդավարական, իրավական ու ընկերային պետություն, ազատ ու արդար հասարակական կյանք: Այս ավանդները, Հայրենիքի հանդեպ սերը այսօր պիտի առաջնորդեն մեր կյանքը, ոգի ու խրախույս դառնան մեր ջանքերի ու գործերի համար, որպեսզի կառուցենք ապահով, բարօր ու երջանիկ գալիքը մեր ազատ Հայրենիքի ու ժողովրդի»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG