Մատչելիության հղումներ

Հայկական զորախմբի ծառայությունը Աֆղանստանում «ապահով» է


Հայ խաղաղապահները Աֆղանստանում

Հայ խաղաղապահները Աֆղանստանում

Ըստ Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանի, թեեւ Աֆղանստանում ռազմական գործողությունները շարունակվում են, ու չի կարելի խոսել անվտանգության լիակատար երաշխիքներից, այդուհանդերձ, հայկական զորախմբի ծառայությունը «ապահով» է:

Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը Սիմոնյանը ասաց, որ գերմանական հրամանատարության ներքո ծառայող հայ խաղաղապահներն օգտվում են գերմանացիների համար նախատեսված անվտանգության ապահովման, բժշկական սպասարկման բոլոր միջոցներից:

Աֆղանստանում հայ խաղաղապահների զորախմբի նպատակը ոչ միայն ՆԱՏՕ-ի հրամանատարությամբ գործող կոալիցիոն ուժերին աջակցելն է, այլեւ արեւմտյան երկրների բանակների առաջավոր փորձ ու գիտելիքները յուրացնելը:

«Մենք հիմա ուսումնասիրում ենք առաջավոր փորձը. կապ չունի` թուրքական բանակինը կլինի, ամերիկյանինը: Ցանկացած փորձ, որը մեր զինված ուժերում կիրառելի կլինի, մեզ համար հետաքրքիր է», - ասաց նա:

Հայաստանի զինված ուժերի 40-հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով Աֆղանստան է մեկնել այս տարվա փետրվարին: Ստորաբաժանման խնդիրը Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունն ապահովելն է։

Արթուր Սիմոնյանը հիշեցրեց, որ Հայաստանը մոտ 70 հոգանոց խաղապահ զորախումբ էլ ունի Կոսովոյում` նշելով, որ այդ զորախմբի ռոտացիան տեղի կունենա հունիսի սկզբին, իսկ Աֆղանստանինը` օգոստոսի կեսերին։

Գնդապետ Սիմոնյանը խոսեց նաեւ իր գլխավորած զորախմբի զարգացման հեռանկարից։ Ասաց, թե դեռ 2007 թվականի սեպտեմբերի 1-ին պաշտպանության նախարարի հրամանով, Հայաստանի Զինված ուժերի խաղապապահ գումարատակը վերակազմավորվեց բրիգադի, այսինքն` ընդլայնվեց։

«Մինչեւ 2015 թվականը մենք պետք է ամբողջությամբ բրիգադը համալրենք անձնակազմով, տեխնիկայով եւ սպառազինությամբ: Եթե 2007-2008 թվականներին դժվարությամբ էր ընթանում, հիմա 2009-ին եւ 2010-ի անցած ժամանակահատվածում մենք բավականին առաջընթաց ունենք. արդեն 400-ից ավելի զինծառայող ենք ընդունել ծառայության եւ 400-ից ավելի դիմումատուներ կան: Փորձը ցույց է տալիս, որ նրանցից մոտ 300-ը կընդունվեն», - ասաց Սիմոնյանը:

Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ բրիգադի հրամանատարը նաեւ հրապարակեց Աֆղանստանում ծառայություն տանող հայ խաղաղապահների աշխատավարձի չափը` ամսեկան ավելի քան 800 հազար դրամ։
XS
SM
MD
LG