Մատչելիության հղումներ

Ալիեւը նորից խոսում է ադրբեջանական բանակի հզորության մասին


Իլհամ Ալիեւը ելույթ է ունենում Հանրապետության օրվան նվիրված հանդիսությանը, Բաքու, 27-ը մայիսի, 2010թ.

Իլհամ Ալիեւը ելույթ է ունենում Հանրապետության օրվան նվիրված հանդիսությանը, Բաքու, 27-ը մայիսի, 2010թ.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, թե դույզն իսկ չի կասկածում, որ երկրի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի։

Մայիսի 28-ը Ադրբեջանում եւս նշվում է որպես Հանրապետության օր։ Նախօրեին մայրաքաղաք Բաքվի «Բուտա» պալատում տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ իր ելույթում Իլհամ Ալիեւը ծավալուն անդրադարձել է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

«Խորհրդային Միության փլուզումից դեռ տարիներ առաջ հայ անջատողականների նախաձեռնած զավթողական քաղաքականության արդյունքում ադրբեջանական հողերի մի մասը հայտնվել է օկուպացիայի տակ։ Դա մեր երկիրը ծանր վիճակի մեջ էր դրել։ Մենք, ըստ էության, կարող էինք կորցնել անկախությունը»,- ասել է Ալիեւը եւ հավելել.- «Սակայն Ադրրբեջանի ժողովուրդը` դրսեւորելով իրեն բնորոշ իմաստնությունը, դիմեց համազգային առաջնորդ Հեյդար Ալիեւին` նրան վստահելով քաղաքական իշխանությունը։ Նրա գալստյամբ բացասական միտումները կանխվեցին, հաստատվեց կայունություն, եւ Ադրբեջանը թեւակոխեց զարգացման փուլ»։

Ադրբեջանի ղեկավարը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը որակել է որպես երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիր։ Նա ասել է, որ սկզբունքային հարցերում իր երկիրը ոչ մի զիջում չի արել. Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է միջազգային իրավունքի նորմերի, միջազգային կառույցների ընդունած որոշումների եւ բանաձեւերի վրա, եւ Ադրբեջանն ամեն ինչ կանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

«Հակառակ կողմի [Հայաստանի] դիրքորոշումը հիմնված է ցանկության վրա, ինչը որեւէ պարագայում չի կարող հակամարտության կարգավորման հիմք լինել»,- ասել է Իլհամ Ալիեւը եւ կրկին վստահեցրել, թե ի տարբերություն պաշտոնական Երեւանի` Բաքուն ընդունում է Մադրիդյան սկզբունքները։

Իլհամ Ալիեւը դատապարտել է մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, ասել է, թե Հայաստանը հույսեր է կապել հայ - թուրքական սահմանի բացման հետ, սակայն թուրքական կողմի սկզբունքային դիրքորոշումը խափանել է հայերի ծրագրերը։

Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ հայտարարել է, թե իրենք ձգտում են Ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը, սակայն ադրբեջանական բանակը ի զորու է ցանկացած պահի կարճ ժամկետում վերականգնել երկրի տարածքային ամբողջականությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG