Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյի հետ


Բելգիա -- ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոն եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ավարտին պատասխանեցին լրագրողների հարցերին: Բրյուսել, 27-ը մայիսի 2010թ.
Բելգիա -- ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոն եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպման ավարտին պատասխանեցին լրագրողների հարցերին: Բրյուսել, 27-ը մայիսի 2010թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 27-ին Բելգիայում հանդիպում է ունեցել Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռամպոյի հետ:

Զրույցի ընթացքում, ըստ Հայաստանի նախագահի մամլո ծառայության, Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը «սերտորեն համագործակցելու ԵՄ կառույցների հետ եւ ընդգծել, որ Հայաստանն իր դավանած արժեհամակարգով եւ մղումներով Եվրոպայի անբաժան մասն է կազմում»:

Ողջունելով Հայաստանի հետ Ասոցիացման համաձայնագիր կնքելու Եվրամիության նախաձեռնությունը` Սերժ Սարգսյանն ասել է, որ մեր երկիրը պատրաստ է ակտիվորեն աշխատել նոր փաստաթղթի նախագծի շուրջ:

Քննարկվել են նաեւ Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին եւ տնտեսության ազատականացման այդ գործընթացին Եվրամիության հնարավոր աջակցությանը վերաբերող հարցեր:

«Եվրամիություն - Հայաստան հարաբերությունները արագ տեմպերով ամրապնդվում են: Եվրամիությունն արդեն հաստատել է Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների կարգը: Մենք սպասում ենք բանակցությունների շուտափույթ մեկնարկին», - Հայաստանի նախագահի հետ հանդիպման ավարտին լրատվամիջոցների ներկայացուցիչների համար արված հայտարարությունում ասել է Հերման Վան Ռամպոն:

«Ես նաեւ հույս եմ հայտնել, որ Հայաստանի հետ մեր ամրապնդվող հարաբերությունները խթան կհանդիսանան, որ երկիրն ավելի մեծ ուշադրություն դարձնի ժողովրդավարական բարեփոխումներին: Ասոցիացման համաձայնագրի շուրջ առաջիկա բանակցությունները հավելյալ լծակ կհանդիսանան ներքին բարեփոխումների համար եւ Հայաստանի համար մատչելի կդարձնեն Եվրամիության ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը», - ասել է Եվրամիության խորհրդի նախագահը:

Հերման Վան Ռամպոն վերահաստատել Եվրամիության պատրաստակամությունը աջակցել Կովկասում ձգձգված հակամարտությունների լուծմանը. - «Տարածաշրջանը ապահով չի լինի, քանի դեռ այդ հակամարտությունները լուծված չեն խաղաղ ճանապարհով եւ միջազգային օրենսդրության սկզբունքների հիման վրա»:

«Եվրամիությունը շարունակում է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների` խելամիտ ժամկետներում ու առանց նախապայմանների կարգավորման գործընթացին», - ասել է Եվրամիության խորհրդի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG