Մատչելիության հղումներ

Շավարշ Քոչարյան. «Համահունչ քայլը կարող է լինել համահունչ բանաձեւը` հակառակ դիրքերից»


Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի խոսքով, անցած շաբաթ Եվրախորհրդարանի թիվ 2216 բանաձեւի ընդունմանը համահունչ քայլը կարող է լինել «համահունչ բանաձեւը` հակառակ դիրքերից»:

Եվրախորհրդարանի բանաձեւում, հիշեցնենք, բացի Հայաստանի ժողովրդավարությանն առնչվող քննադատությունից, կա այսպիսի ձեւակերպում. «Եվրոպական խորհրդարանը պահանջում է հայկական ուժերը դուրս բերել ադրբեջանական օկուպացված տարածքներից։ Եվրախորհրդարանը պնդում է, որ հայկական ուժերը պետք է արագ լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները»։

Փոխարտգործնախարարը հինգշաբթի օրը մասնակցում էր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի հանձնաժողովների նիստին: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը հարցին, թե ինչ է արվում դրա հետեւանքները վերացնելու ուղղությամբ, Շավարշ Քոչարյանը արձագանքեց. - «Այստեղ, իհարկե, մենք աշխատանք ունենք կատարելու` ապագայի համար եւ սա չեզոքացնելու ուղղությամբ: Ասել, որ դա դժվար է եւ դրանով արդարացնել չի կարելի, որովհետեւ եթե դժվար է, ապա ինչպես ադրբեջանցիները կարողացան այդպիսի խեղաթյուրված ձեւակերպում մտցնել այնտեղ: Ասել, որ դա Եվրամիության մոտեցումն է, չի կարելի»:

Ռուստամյանն արձագանքեց, թե պետք չէ երկարաձգել բանաձեւի պաշտոնական արձագանքը` փաստարկելով. - «Առնվազն ցույց տալու համար, որ Եվրախորհրդարանը այդպիսի, այսպես կոչված, միջամտությամբ միայն կարող է վնասել բանակցային գործընթացին»:

«Ըստ էության, բանակցային գործընթացը կորցնում իր հեռանկարը, եւ դա նշանակում է ստատուս քվոյի պահպանում», - այս առնչությամբ ասաց փոխարտգործնախարարը:

Հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքները վերադարձնելու մասին արդբեջանական ու թուրքական կողմերի հայտարարությունների առնչությամբ Շավարշ Քոչարյանը ասաց. - «Հայկական կողմի հետ որեւէ առաջարկություն այդ ուղղությամբ չի եղել, որեւէ բանակցություն չի եղել, չէր էլ կարող լինել:Այն, ինչ որ հնչեցվում է, դա իրենց ցանկությունն է միայն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG