Մատչելիության հղումներ

Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասը Apricot Stone երգով այսօր հանդես կգա «Եվրատեսիլ - 2010» երգի մրցույթի եզրափակիչում:

Երկու օր առաջ Ռիվասը հաջողությամբ հաղթահարեց մրցույթի կիսաեզրափակիչ փուլը:

Հինգշաբթի ուշ երեկոյան կայացած կիսաեզրափակիչում Հայաստանը ներկայացնող երգչուհին բեմ բարձրացավ երկրորդը` անվանի
դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ:

Բուքմեյքերների կողմից բարձր գնահատականի արժանացած Apricot Stone֊ը ուղեկցվեց հրավառություններով, փոքրիկ մենապարով ու ավարտվեց «կախարդանքով». բեմում տեղադրված ծիրանի կորիզից վեր բարձրացավ հայկական ծիրանենին:

Հայաստանի հետ կիսաեզրափակչի նույն խմբում ընդգրկված էին նաեւ մեր հարեւաններ Վրաստանը, Ադրբեջանը եւ Թուրքիան, որոնք եւս հաղթահարեցին այս փուլի արգելքը:

Այսպիսով, «Եվրատեսիլ»-ի այս տարվա մրցույթին ներկայացված երկրներից եզրափակիչ անցան Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նորվեգիան, Իսպանիան, Մոլդովան, Ռուսաստանը, Հունաստանը, Պորտուգալիան, Սերբիան, Բելգիան, Ալբանիան, Իսլանդիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Վրաստանը, Ուկրաինան, Թուրքիան, Իսրայելը, Իռլանդիան, Կիպրոսը, Ադրբեջանը, Ռումինիան, Հայաստանը եւ Դանիան:

Ուրբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում երեւանցիները հույս էին հայտնում, որ եզրափակիչ փուլում Եվա Ռիվասը կարող է հաղթող ճանաչվել: Հատկապես այս տարի հայաստանցիներից շատերն են հավատում հաղթանակին, քանի որ վստահ են, որ մեծ դեր է խաղալու ոչ միայն երգչուհու ձայնն ու արտաքինը, այլ նաեւ նրա երգի բեմականացումը, որի վրա մեծ գումարներ են ծախսել Եվա Ռիվասի ազդեցիկ հովանավորները:

Նույն օրը կայացած ասուլիսում Եվա Ռիվասը շեշտել է, որ եզրափակիչում իրեն դժվարին պայքար է սպասում: «Մրցակիցներս շատ ուժեղ են, եւ եզրափակիչը շատ, շատ դժվարին կլինի: Իմ կարծիքով` այն իսկական ճակատամարտ է լինելու», - ասել է երգչուհին:

«Ոչ դիվայական ոճ, այլ պարզ համար, վայրի գեղեցկություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես բնորոշեց երգչուհի Շուշան Պետրոսյանը «Եվրատեսիլ»-ի հայաստանյան համարը: Երգչուհին հավանել է հայկական բեմադրությունը, Ռիվասի կատարումը, թեեւ խոստովանում է, որ սպասելիքները մեծ չեն եղել: «Շատ էմոցիոնալ երգեց, շատ ազատ էր բեմի վրա, ինչ-որ լավ կրակ կար: Նույնիսկ ձայնը, որ խզվեց, շատ դուր եկավ. բնական էր», - ասաց Շուշան Պետրոսյանը:

Երգչուհուն ամենաշատը դուր է եկել Ուկրաինայի ներկայացուցչի ելույթը, միայն 20 sms ինքն է ուղարկել ուկրաինուհի Ալյոշայի օգտին: Ասաց, որ կանխատեսումներ անելու մեջ իմաստ չի տեսնում, քանի որ համոզված է` հաղթողի անունը պետք է փնտրել` նայելով, թե որ երկրում քաղաքական ինչ դրություն է. - «Իսրայելի տղան խայտառակ երգեց, ֆալշերը ակնհայտ էին: Բայց պարզ է` որ երկրից է եւ ինչու պիտի անցներ: Ադրբեջանուհուն առաջին տեղ չեն տա, շատ մեռած եւ խամրած էր երգը, լավ երգչուհի էր, բայց աստղ չուներ: Վրացուհին լավ երգչուհի էր, ձայն էլ ուներ, աստղ էր: Ռոքային շատ լավ կոմպոզիցիա էր Թուրքիայինը, միայն հետեւի պլանի ռոբոտն էր ավելորդ»:

Հայկական շոու բիզնեսի ամենահայտնի բլոգերը` «Կամոբլոգ»-ի հեղինակ Կամո Թովմասյանը տպավորված էր Եվա Ռիվասի ելույթով, պատմեց, որ կիսաեզրափակիչը դիտել են խմբով, բոլորն են միակարծիք եղել` հաղթանակի արժանի համար է, համաձայնել են նույնիսկ իրենց հյուրերը արտասահմանից: «Համարը շատ ուժեղ էր` համեմատած մյուսների: Լավագույններից մեկն էր: Հաղթանակի մասին մի քանի օր է խոսում է քաղաքը: Բայց նախորդ տարիներին էլ են եղել նման կանխատեսումներ, այնպես որ` ուղղակի սպասել է պետք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա:

Կամոյին շատ էր դուր եկել Լիտվայի համարը` բլոգերը տպավորված է դեռ նրանց երեւանյան այցից եւ իհարկե «Եվրատեսիլ»-ի համարից: «Ես չեմ ընդունում համեմատությունը, թե հիմնական պայքարը Եվայի եւ Սաֆուրայի միջեւ է, Ադրբեջանն այդ աստիճան ուժեղ չէր», - ասաց բլոգերը:

«Վիվարո» բուքմեյքերական ընկերության բուքմեյքեր Տիգրան Մաթեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ եզրափակիչից առաջ իրենց վարկանիշային աղյուսակում առաջատար եռյակն այսպիսին է` Ադրբեջան, Գերմանիա եւ Հայաստան: Միաժամանակ, նա ընդգծեց, որ պետք չէ բուքմեյքերների կողմից ներկայացվող առաջատարների ցուցակից եզրակացնել, թե դրանում ներկայացված առաջատարներից մեկն է հաղթելու. - «Այստեղ սոցիոլոգիա չկա` ընդամենը առաջին տպավորության էֆեկտն է, իսկ դա սուբյեկտիվ է»:

Հայաստանում ամենաշատ խաղադրույքները կատարում են Եվա Ռիվասի օգտին, ինչը, ըստ Տիգրան Մաթեւոսյանի, կանխատեսելի էր: «Մեծ խումբ ունենք, ովքեր խաղադրույք են կատարել եւ հավատում եմ Եվայի հաղթանակին», - ասաց նա:

Բուքմեյքերական ընկերության տվյալներով` նախորդ տարիների համեմատ այս տարի խաղադրույք կատարողները ավելի շատ են:

Տիգրան Մաթեւոսյանը հայտնեց, որ «Վիվարո»-ի վրացական մասնաճյուղում առաջատարների ցուցակը նույնն է, իսկ խաղադրույքներ այնտեղ հիմնականում կատարում են Վրաստանի ներկայացուցչի օգտին:

Եվա Ռիվասին աջակցելու համար շաբաթ օրը մի խումբ երիտասարդներ մայրաքաղաքի կենտրոնում ֆլեշ-մոբ են անելու` համատեղ պարելու են նախապես սովորած պարը: Կազմակերպիչները կանխատեսում են, որ մոտ 300 մարդ կմասնակցի ֆլեշ-մոբին:

«Եվրատեսիլ»-ի եզրափակիչի ուղիղ հեռարձակումը մեծ էկրանի վրա ցուցադրվելու է Երեւանի կենտրոնում` Կարապի լճի հարեւանությամբ:


Եվա Ռիվասի ելույթը «Եվրատեսիլ - 2010»-ի կիսաեզրափակիչում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG