Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը «այս պահի դրությամբ լուրջ մրցակից չունի»


ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), որը գլխավորում է երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում կրկին փորձելու է մեծամասնություն կազմել Ազգային ժողովում: Իսկ 2013-ի նախագահական ընտրություններին կուսակցության թեկնածուն, ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի խոսքով, Սերժ Սարգսյանն է, ով, «այս պահի դրությամբ լուրջ մրցակից չունի»:

«Դեռ չեմ տեսնում շատ լուրջ մրցակից, որովհետեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջվա Լեւոն Տեր-Պետրոսյանը չէ այլեւս», - նշեց Զոհրաբյանը:

Իսկ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ըստ Զոհրաբյանի, կարող է մրցակից լինել Սերժ Սարգսյանին, սակայն «նախագահական ընտրությունների ժամանակ Քոչարյանը իր թեկնածությունը չի դնի»:

««Չեմ կարծում, որ նա պետք է Սերժ Սարգսյանի դեմ թեկնածությունը դնի: Այդպիսի բան չի լինի: Մենք գնում ենք ուժերի միասնականացման, կոնսոլիդացման ճանապարհով: Եվ մեր դիմաց ունենալով Ղարաբաղի այդ ծանր խնդիրը` կարծում եմ, որ իրար բարեկամ ուժերը իրար դեմ որ դրեցին, ապա դա քաոսի կվերածվի», - հավելեց ՀՀԿ-ի փոխնախագահը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն Ռոբերտ Քոչարյանին առաջարկի վարչապետի պաշտոնը, Զոհրաբյանը պատասխանեց, թե իրենք վարչապետի կարիք չունեն:

Ամեն դեպքում իշխող կուսակցության փոխնախագահը նկատեց, թե Ռոբերտ Քոչարյանն այսօր էլ շարունակում է մնալ քաղաքականության մեջ, որոշակի ազդեցություն ունի Ղարաբաղյան կարգավորման հարցում:

«Ռոբերտ Քոչարյանը իր մեծ լուման ունի կայունաման, ստատուս քվոյի պահպանման [գործում], գուցե նաեւ ինչ-որ խնդիրներ է լուծում, որը հրապարակավ չի երեւում», - հավելեց նա:

Մինչ իշխող կուսակցությունը պատրաստվում է հերթական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) իշխանություններից պահանջում է գալիք հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում անցկացնել արտահերթ ընտրություններ:

Արձագանքելով ՀԱԿ-ի այս պահանջին` Ռազմիկ Զոհրաբյանն ասաց. - «Արտահերթ ընտրություններ չեն լինելու: Ժողովրդավարություն է` ընդդիմությունը կարող է ամեն օր, ամեն ժամ պահանջել»:

ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, հակադարձելով Զոհրաբյանին, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե «քաղաքականությանից անգամ տարրական գաղափար ունեցող ցանկացած քաղաքացի հասկանում է, որ այս բարդ իրավիճակից դուրս գալու եւ ճգնաժամը հաղթահարելու միակ ելքը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են»:

Ավելին` Մուսինյանը համոզված է, որ ընդդիմության պահանջը իրականություն է դառնալու. - «Մենք այդ պահանջի ուղղությամբ աշխատում ենք մեր ողջ ուժով, եւ վստահ ենք, որեւէ կասկած չունենք, որ հասնելու ենք արտահերթ համապետական ընտրությունների անցկացման»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG