Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյան. «Հայատյացությունն այսօր մարդատյացության ամենաարմատական դրսեւորումներից է»


«Հայատյացությունն այսօր մարդատյացության ամենաարմատական դրսեւորումներից է», - հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` չորեքշաբթի օրը Բրյուսելում ելույթ ունենալով Պողոսյան հիմնադրամի հիմնած Արեւելքի եւ Արեւմուտքի մշակույթների եւ երկխոսության «Վիլա Ամպեն» կենտրոնում:

«Մենք գիտենք, որ հայտարարություններով, հռչակագրերով կամ լոկ բարի կամքի դրսեւորումներով հնարավոր չէ լուծել անհանդուրժողականության եւ խտրականության խնդիրները: Քսաներորդ դարի վերջում մարդկությունն ականատես եղավ ահավոր նոր ոճրի` Ռուանդայում իրականացված ցեղասպանությանը: Այդ ցեղասպանությունը սկզբում իրականացվեց խոսքով: Այդ տառապանքի ճանապարհով էլ ենք մենք` հայերս, ստիպված եղել անցնել: Սակայն Մեծ եղեռնի ժամանակ չկային ժամանակակից ռադիոն եւ հեռուստատեսությունը, իսկ Ռուանդայում իրականացված հանցագործության գաղափարախոսներն իրենց թույնը թափեցին լրատվության հե՛նց այդ ժամանակակից միջոցներն օգտագործելով», - ասել է նախագահը:

«Վերջին ժամանակաշրջանում հայերն են դարձել նման ատելության քարոզչության թիրախ: Երբ մեր հարեւան երկրներից մեկի ղեկավարը խոսում է այն մասին, որ հայերին պետք է արտաքսել միայն այն բանի համար, որ նրանք հայեր են, ես ակամայից վերհիշում եմ այն, ինչ տեղի ունեցավ 1915 թվականին: Բայց ես նաեւ չեմ կարող անտեսել այն, ինչ տեղի ունեցավ Ռուանդայում, ուր նմանատիպ ելույթները սփռվում էին ռադիոյով եւ հեռուստատեսությամբ, որպեսզի խաթարեն բռնությանը պատրաստ անդորրը», - ընդգծել է Սերժ Սարգսյանը: - «Երբ այսօր մեր հարեւան մեկ այլ երկրից անընդհատ հնչում են ատելության եւ պատերազմի սպառնալիքի կոչեր, ես կրկին հիշում եմ պատմության անողոք դասերը: Ադրբեջանում, ինչպես եւ Օսմանյան կայսրությունում, հայերին ընկալեցին որպես օտար մարմին, խանգարող, անպետք մի երեւույթ, որից պետք է ազատվել ջարդերի եւ կոտորածների միջոցով: Սակայն այդ ամենից հետո Բաքուն կրկին փորձում է գերիշխանություն հաստատել Լեռնային Ղարաբաղի եւ նրա ազատատենչ ժողովրդի հանդեպ. այն ժողովրդի, ում ցանկանում էր ոչնչացնել»:

«Հայատյացությունը դառնում է մտածելակերպ, դրա տարածումը` պետական քաղաքականություն: Հայատյացությունն այսօր մարդատյացության ամենաարմատական դրսեւորումներից է», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

«Որպես աշխարհով մեկ սփռված ազգ` մենք գիտենք, թե որքան կարեւոր են հանդուրժողականությունը, ուրիշի կրոնի, լեզվի, մշակույթի հանդեպ հարգանքը: Հե'նց այդ պատճառով էլ մենք կարող ենք շիտակ եւ անկեղծ գնահատել մշակույթների երկխոսության կարեւորությունը», - ասել է Սերժ Սարգսյանը իր ելույթում, որի տեքստը տարածել է նախագահի մամլո գրասենյակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG