Մատչելիության հղումներ

logo-print

Նուբարաշենի թիվ 11 դպրոցի տնօրենը չի՞ պատրաստվում հրաժարական տալ


Ցույց դատարանի շենքի` սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած ուսուցչին խիստ պատժի ենթարկելու պահանջով, Երեւան, 19-ը մայիսի, 2010թ.

Ցույց դատարանի շենքի` սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած ուսուցչին խիստ պատժի ենթարկելու պահանջով, Երեւան, 19-ը մայիսի, 2010թ.

Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը, ով շարունակում է պաշտոնավարել եւ հոգ տանել դպրոցի շուրջ 100 սաների մասին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հերյուրանք որակեց դպրոցի նախկին սաների այն պնդումները, թե ինքը եւս դաժան վերաբերմունք է դրսեւորել եւ ծեծի ենթարկել սաներին:

«Այդ ո՞նց եղավ. եթե 30 տարի առաջ այդ այսօրվա տիկնոջը, աղջիկներին, երեխաներին ծեծել էի, դպրոցը ավարտելուց հետո 20 տարի է անցել, ի՞նչն էր պատճառը, որ 20 տարվա մեջ չեն գնացել բողոքարկել, եւ հանկարծ հիմա այս 2 տարվա մեջ բոլոր հուշերը վերականգնեցին, հա՞», - ասաց Ենգիբարյանը` հավելելով. - «Իհարկե հերյուրանք է»:

Ամիսներ առաջ Մերուժան Ենգիբարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում դարձյալ հերյուրանք էր որակել իր ղեկավարած դպրոցի եւ դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանի գործողությունների մասին կամավոր երիտասարդների տարածած տեղեկությունը` պնդելով, որ նրանք այդ կերպ միտումնավոր վարկաբեկում են իրեն ու իր դպրոցը:

Մայիսի 24-ին դատարանի որոշմամբ սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու համար 2 տարի ազատազրկման դատապարտված Լեւոն Ավագյանին ամիսներ առաջ տնօրենը բնութագրել էր որպես «2 բուհ ավարտած հայոց լեզվի հոյակապ մասնագետ` 30 տարվա աշխատանքային փորձով, 3 երեխաների հայր», որին ինքը հեռացնելու պատճառ չուներ, եւ որը դպրոցից գնացել էր սեփական դիմումի հիման վրա:

Այժմ, սակայն, դատարանի արձակած վճռից հետո, Մերուժան Ենգիբարյանը ասում է, թե «նա [Ավագյանը] ստացավ իր արժանի պատիժը», եւ հավաստիացնում, թե ինքը տեղյակ չի եղել, քանի որ Ավագյանը «երկակի կյանք է վարել». - «Դժվար տարիներ էին, եւ տնօրենը կամ անձնակազմը չէին կարող այդպես բացահայտել: Երկակի կյանք վարող մարդիկ միշտ էլ այդպես գաղտնիության մեջ են մնում, անհայտության մեջ: Ո՞նց կարող է տնօրեն կոչեցյալը տեղյակ լինի եւ գովերգի այդպիսի անձնավորությանը»:

«Ձեր պաշտոնավարման տարիներին է կատարվել այդ ամենը, եւ ձեր իսկ հավաստմամբ` դուք որպես տնօրեն չեք կանխել, քան որ տեղյակ չեք եղել: Պատրաստվո՞ւմ եք արդյոք հրաժարական տալ», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Ենգիբարյանը խուսափողական պատասխան տվեց. - «Դուք այնպիսի հարցեր եք տալիս... Դուք ինչո՞ւ չեք հարցնում` «Մարիա'մ [Սուխուդյան], ինչի՞ համար, այդ ո՞նց եղավ, որ 20-30 տարի առաջվա ավարտած անձնավորությունները հանկարծ հիմա միաձուլվեցին, միասին նոր հիշեցին` իրենց հետ 30 տարի առաջ ինչ է տեղի ունեցել»: Դե ուրեմն ինձ էլ դրեք մի կողմ, ցտեսություն, ես ձեզ ասելու, ավելացնելու բան չունեմ»:

Չորեքշաբթի օրը պատասխանելով լրագրողների հարցին` արդյոք չի՞ պատրաստվում աշխատանքից հեռացնել Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի տնօրենին, ում պաշտոնավարման տարիներին սաների նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել նույն դպրոցի ուսուցիչ Լեւոն Ավագյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասել էր, թե «քրեական գործի մանրամասներին եւ մամուլի տրամադրած նյութերին ծանոթանալուց հետո նախարարությունը կքննարկի դպրոցի տնօրենի պաշտոնավարման հարցը»:
XS
SM
MD
LG