Մատչելիության հղումներ

Մայիսի 27-ի մամուլ


«Հրապարակ»-ը գրում է. - «Մեր իշխանությունը փորձում է չտեսնելու տալ արտաքին քաղաքականության ասպարեզում մեկը մյուսի ետեւից կրած պարտությունները: Նախ, բուլղարացի պատգամավոր Կիրիլովի հեղինակած եւ Եվրոպական խորհրդարանի ընդունած 2216 բանաձեւը, ապա Ռուսաստանի, հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչների, Եվրախորհրդի Նախարարների կոմիտեի նախագահության եւ վերջապես` Ֆրանսիայի արտգործնախարարության երեկվա հայտարարությունները խոսում են ղարաբաղյան հարցում մեր արտաքին քաղաքականության կրած լիակատար կրախի մասին: Անշուշտ, կարելի է ինքնամխիթարանքով զբաղվել` ասելով, որ բանաձեւը «պարտադիր կատարման ենթակա չէ», կարելի է անգամ հայտարարել, որ Կիրիլովը թուրքամետ է եւ անտեղյակ ղարաբաղյան խնդրից: Բայց փաստ է, որ միջազգային հանրությունը կոշտացրել է մոտեցումը»:

«Ինչպես չեզոքացնել Թուրքիայի գերակտիվությունը» վերնագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը նկատում է. - «Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի սառեցումից հետո էլ թուրքական դիվանագիտությունը Ղարաբաղյան բանակցային գործընթացին միջամտելու իր համառ փորձերով անընդհատ լարվածության մեջ է պահում ոչ միայն մեր երկիրը, այլեւ ողջ տարածաշրջանը։ Բավական է միայն թվարկել անցած մեկ ամսվա ընթացքում Թուրքիայի ղեկավարության արած հայտարարություններն ու ինքնագլուխ ներկայացրած «առաջարկությունները» հասկանալու համար, որ ի դեմս Ղարաբաղի հարցին Անկարայի միջամտության փորձերի, մենք գործ ունենք դեռ չհաղթահարված ու լուրջ սպառնալիքի հետ։ Թուրքիային ըստ էության չի էլ հետաքրքրում՝ սառեցվա՞ծ են հայ-թուրքական արձանագրությունները, թե՞ ոչ, ուստի միջազգային ասպարեզում շարունակում է թյուր տպավորություն ստեղծել, թե ուր որ է կլուծվի Ղարաբաղի հարցը, եւ ինքն էլ կբացի հայ-թուրքական սահմանը։ Պետք է խոստովանել, որ նման պատկերացումները լուրջ արձագանք են գտնում արեւմտյան որոշակի շրջանակներում՝ խթանելով հարցի «լուծմանն» ուղղված նորանոր հայտարարությունների ու բանաձեւերի ընդունումը»։

«Հայկական ժամանակ»-ի պնդմամբ` աստիճանաբար «ավելի ու ավելի են սրվում վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի եւ Պետեկամուտների կոմիտեի հակասությունները». - «Տիգրան Սարգսյանը ոչ մի կերպ չի կարողանում իր թիմակիցներին ՊԵԿ-ում տեղավորելուց հետո պաշտպանել: Վարչապետի սեւեռվածությունը ՊԵԿ-ի վրա բոլորովին բնական պետք է համարել: Կառավարությանն առընթեր այս հիմնարկությունը, բառիս ամենավատ իմաստով, ավելի զորեղ ու ազդեցիկ է, քան ամբողջ կառավարությունը: Եվ այդպիսին լինելով, նաեւ, ըստ էության, դուրս է վարչապետի վերահսկողությունից»: «Ակնհայտ է, որ սկսվել է վարչապետի թիմակիցների խմբակային մեկուսացում: Վարչապետն իր կադրերին ցրելով` գործունեության ավելի լայն դաշտ վերահսկելու փոխարեն, նրանց հավաքում է մեկ կտուրի տակ: Վարչապետի կողմնակիցները, իհարկե, ասում են, թե Տիգրան Սարգսյանն այդքան էլ միամիտ չէ, նա կոնսոլիդացնում է իր ուժերը եւ շուտով կանցնի վճռական հակահարվածի: Կա նաեւ տեսակետ, թե շուտով պետեկամուտների կոմիտեի վրա «մեծ գրոհ» է սկսվելու: Այդ իսկ պատճառով վարչապետը իր կադրերին հետ է քաշում այնտեղից` նրանց «փլատակների տակ» չթողնելու նպատակով: Բայց չգիտես ինչու, այս պնդումները, մեղմ ասած, հավատ չեն ներշնչում եւ ավելի շատ նման են ինքնամխիթարանքի», - եզրակացնում է հոդվածագիրը:

«Ժամանակ»-ը մեջբերում է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի` Հայաստանի ներքաղաքական իրադրությանն առնչվով հետեւյալ գնահատականը. - «Սերժ Սարգսյանի հիմնական հակառակորդն այսօր Քոչարյանն է, այլ ոչ թե Տեր-Պետրոսյանը: Առաջին անգամ Հայաստանի նորագույն պատմության մեջ կոնֆլիկտը իշխանության մեջ է, եւ հայտնի չէ` ով դուրս կմնա խաղից եւ ով կհաղթի վերնախավի միջեւ գոյություն ունեցող հակասության մեջ»:

«Չորրորդ ինքնիշխանություն»-ը փորձում է գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու Նուբարաշենի թիվ 11 գիշերօթիկ դպրոցի մանկապիղծ ուսուցիչը ստացավ շատ մեղմ` ընդամենը 2 տարվա ազատազրկման պատժաչափ: Այս պարագայում բացառելով կաշառման եւ ծանոթ-բարեկամի գործոնները` թերթը գրում է. - «Այս հանցագործությունը «ջրի երես հանած» Մարիամ Սուխուդյանն ուղղակի հայտարարում է, թե «առանց լսելու տուժող կողմի փաստերը, իրենց պատմածները, արագ դատավճիռ են կայացնում, որովհետեւ եթե նրանք խոսեն, հանցագործների ցուցակը գնալով կավելանա»: Մարդը բացահայտորեն ասում է, որ այդ հանցագործը մենակ չի եղել, մի ամբողջ «ցուցակ» կա, որը բացահայտելու համար պետք էր ընդամենը լսել տուժածների ցուցմունքները, բայց դատարանը հրաժարվեց դրանից»: Թերթը հետեւյալ հարցադրումն է անում. - «Հետաքրքիր է` ովքեր կան այդ ցուցակում: Համենայն դեպս` մարդիկ են, որ կարողացել են այսքան մեծ հնչեղություն ստացած գործով այսքան փոքր պատժաչափ ապահովել իրենց հովանավորյալի համար: Ինչո՞ւ: Որովհետեւ վախեցել են, որ իրենց անուններն էլ «ջրի երես դուրս կգան»: Եթե որեւէ մեկն այլ բացատրություն ունի, թե ինչու է պատժաչափն այսքան մեղմ եղել, պատրաստ ենք ուշադիր լսել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG