Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը հանդիպել է Ժոզե Մանուել Բարոզուի, Օլի Ռեյնի եւ Շտեֆան Ֆյուլեի հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, հանձնաժողովի տնտեսական եւ արժույթի հարցերով հանձնակատար Օլի Ռեյնի եւ ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ժոզե Մանուել Բարոզուի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Եվրամիության կողմից Հայաստանին ցուցաբերված մակրոֆինանսական օժանդակության համար:

Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության ու խաղաղության հաստատմանն ուղղված Եվրամիության քաղաքականությանը, ինչպես նաեւ Հայաստան - Եվրամիություն առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Հայաստանի նախագահը նշել է, որ Եվրամիությունը Հայաստանի խոշորագույն առեւտրական գործընկերներից է, եւ Եվրամիության հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծումը նոր հեռանկարներ կբացի տնտեսական համագործակցության զարգացման համար: Սերժ Սարգսյանը նաեւ ասել է, որ Հայաստանն ակնկալում է Եվրամիության ինտենսիվ աջակցությունը` համաձայնագրի կնքման գործում հնարավորինս արագ արդյունքի հասնելու համար:

Օլի Ռեյնի հետ քննարկվել են Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող մակրոֆինանսական օժանդակությանը, Հայաստան - Եվրամիություն առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Խոսվել է Եվրամիության հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի կնքման բանակցությունների եւ դրանց մեկնարկի չափանիշների մասին:

Շտեֆան Ֆյուլեի հետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը քննարկվել է Հայաստանի եվրաինտեգրմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Եվրամիության հետ համագործակցությունը նախագահը կարեւորել է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների արդյունավետ իրականացման տեսանկյունից: Նա նշել է, որ անկախացումից ի վեր` Եվրամիության հետ մերձեցումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն ուղղություններից է, իսկ նոր մեկնարկած Արեւելյան գործընկերության ծրագիրը նոր փուլ է սկզբնավորել Հայաստան - Եվրամիություն հարաբերություններում:

Քննարկվել են նաեւ Եվրամիության` հարավկովկասյան պետությունների հետ ասոցացման համաձայնագիր կնքելու նախաձեռնությանն առնչվող հարցեր: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ամենայն պատասխանատվությամբ է նախապատրաստվում համաձայնագրի շուրջ բանակցություններին` ձեռնարկելով անհրաժեշտ կառուցվածքային եւ նորմատիվային միջոցառումներ:

Անդրադարձ է կատարվել նաեւ Եվրամիության երկրներ Հայաստանի քաղաքացիների մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման գործընթացին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG