Մատչելիության հղումներ

«Ժառանգություն»-ը կոչ է անում ստեղծել Համակարգող խորհուրդ` կանխելու միջազգային կառույցներում առկա մարտահրավերները


«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյան

«Հայոց պետականության դեմ միջազգային կառույցներում առկա մարտահրավերները կանխելու եւ դրանց արդարացի լուծում տալու համար» «Ժառանգություն» կուսակցությունը անհրաժեշտ է համարում Համակարգող խորհրդի շուտափույթ ստեղծումը:

Կուսակցության հայտարարության համաձայն` հիշյալ խորհուրդը պետք է բաղկացած լինի Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովների համապատասխան խորհրդարանական մշտական հանձնաժողովների անդամ-պատվիրակներից, Հայաստանի եւ Ղարաբաղի արտգործնախարարությունների ներկայացուցիչներից:

«Ժառանգություն»-ը անթույլատրելի է համարում «միջազգային կառույցներում հակահայկական բանաձեւերի ընդունումը»` դրանց թվում նշելով Եվրախորհրդարանի լիագումար նիստում վերջերս ընդունված թիվ 2216 բանաձեւը, որի վերաբերյալ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գնահատականները եւ կոալիցիան ներկայացնող պատգամավորների ելույթները, ըստ կուսակցության, «վկայում են, որ գործող իշխանությունը բոլորովին չի տիրապետում տարածաշրջանում տեղի ունեցող հակահայ գործընթացներին եւ հիմնավորապես զուրկ է դրանց վրա ազդելու ունակությունից»:

«Միջազգային տարբեր կառույցներում թուրք-ադրբեջանական տանդեմի գործունեությանն անթույլատրելիորեն համակերպված մեր կառավարության ներկայացուցիչների եւ կոալիցիայի պատգամավորների անտարբերությունն ու անգործությունը ժամանակի ընթացքում լուրջ սպառնալիք են դառնում հայ ժողովրդի համար եւ կարող են անդառնալի կորուստներ պատճառել հայկական երկու պետությունների տարածքային ամբողջականությանը, համազգային կենսական շահերին, ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում ապրող ու արարող բնակչության անվտանգությանը», - պնդում է «Ժառանգություն»-ը` անհրաժեշտ համարելով հայ ժողովրդի ողջ ներուժի նպատակային օգտագործումը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը, «այդ առաջարկը անելու համար հիմքեր կան, քանի որ հայկական դիվանագիտությունը հիմա շատ վատ ձեւով է աշխատում եւ բոլոր լծակները չէ, որ կարողանում է օգտագործել կամ օգտագործում է, որպեսզի հակահայկական նմանատիպ բանաձեւեր չընդունվեն»:

Նրա համոզմամբ` դիվանագիտական կառույցների լավ աշխատանքի դեպքում նման բանաձեւեր չեն լինի:

Միաժամանակ, Արմեն Մարտիրոսյանը չի կարծում, թե նմանատիպ բանաձեւերը միայն վատ աշխատանքի արդյունք են. - «Մեր իրականությունը այն է, որ անընդհատ Հայաստանի հանդեպ բանաձեւեր են ընդունում եւ ժողովրդավարության մակարդակը սարքել են, այսպես ասած, լծակ եւ անընդհատ օգտագործում են մեր պետականության դեմ, ուստի այդ գործոնը եւս կա»:

«Բայց, համենայն դեպս, նմանատիպ արտաքին մարտահրավերների հետ կապված խնդիրներ կարծեք թե չկային նախկինում այդքան մեծաթիվ, եւ այս վերջին ժամանակահատվածում այդ բացը` բացառապես Արցախի հետ կապված, իսկապես երեւում է: Սա ոչ միայն ժողովրդավարության հետ կապված է, այլ նաեւ հենց կոնկրետ աշխատանք է, որը պետք է կատարվի արտաքին մարտահրավերները չեզոքացնելու համար», - ընդգծեց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG