Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. «Թուրքիան վատնել է իր վստահության պաշարը»


Սերժ Սարգսյանի եւ Անդերս Ֆոգ Ռասմուսենի հանդիպումը Բրյուսելում, 25-ը մայիսի, 2010թ., լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

Սերժ Սարգսյանի եւ Անդերս Ֆոգ Ռասմուսենի հանդիպումը Բրյուսելում, 25-ը մայիսի, 2010թ., լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի

«Թուրքիան, նախապայմաններ թելադրելով եւ պայմանավորված ժամկետները խախտելով, վատնել է իր` որպես բանակցային գործընկերոջ վստահության պաշարը», - երեկ Բրյուսելում ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

«Ես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրի թուրքական կողմի՝ անընդհատ նախապայմաններ առաջադրելու, ժամանակ ձգելու եւ գործընթացը տապալելու գործելաոճը», - հանդիպումից հետո լրագրողներին ասել է Հայաստանի նախագահը եւ ընդգծել, որ այդ գործելաոճը «Հայաստանի համար այլընտրանք չթողեց արձանագրությունների վավերացման ընթացակարգը սառեցնելու հարցում». - «Սակայն անգամ այդ քայլը չի սթափեցրել Թուրքիային: Քաջ գիտակցելով, որ հայկական կողմը երբեք թույլ չի տա Անկարային մտնել ղարաբաղյան խնդրի կարգավորման դաշտ, Թուրքիան ամենօրյա շահարկումներով շարունակում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջնական վախճանի հասցնելու իր քաղաքականությունը»։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացում Հայաստանի նախագահն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել նաեւ Ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա փուլի շուրջ։

«Ղարաբաղյան հարցը շարունակում է լրջորեն մտահոգել ՆԱՏՕ-ին, այն պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, սակայն դաշինքը առանձին իր համար որեւէ դերակատարության չի ձգտում այդ հարցում՝ փոխարենը աջակցելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերին։ Հույս ունենք, որ այդ ջանքերը շուտով արդյունքներ կտան, եւ խնդրի կարգավորման շուրջ բարձաստիճան հանդիպումների հաճախականությունը կպահպանվի», - հանդիպման ավարտին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղարը։

«Եթե ՆԱՏՕ-ն որեւէ դերակատարություն չունի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, Հայաստանն էլ չի ձգտում դաշինքի անդամ դառնալ, եւ ցանկության դեպքում անգամ՝ կհանդիպի լուրջ խոչընդոտների Թուրքիայի կողմից, այդ դեպքում ի՞նչ է ակնկալում Հայաստանը Հյուսիսատլանտյան դաշինքից». լրագրողներից մեկի այս հարցին Սերժ Սարգսյանը պատասխանել է. - «ՆԱՏՕ-ն, որքանով ես եմ պատկերացնում, պատասխանատու է նաեւ Եվրոպայի անվտանգության համար։ Որքանով ես եմ հասկանում, Եվրոպան այլ զինված ուժեր չունի, սակայն, ասածս չի նշանակում, որ վաղը, եթե ռազմական հակամարտություն լինի, ՆԱՏՕ-ն գալու է տարածաշրջան։ Մյուս կողմից, համագործակցելով, մասնակցելով Անհատական գործողությունների ծրագրին, Հայաստանը շահում է, մեծացնում է կարողությունները, ինչը կարեւոր հանգամանք է անվտանգության ապահովման համար»։

Կողմերը երկուստեք բարձր են գնահատել ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը. դաշինքի գլխավոր քարտուղարը շնորհակալություն է հայտնել Աֆղանստանում եւ Բալկաններում ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին Հայաստանի ցուցաբերած աջակցության համար եւ ընդգծել, որ հարաբերությունների ամրապնդման համար կարեւոր է, որ Հայաստանը առաջընթաց արձանագրի նաեւ ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ։

«Հայաստանը հաջողություն է արձանագրում ՆԱՏՕ-ի հետ իրականացվող Անհատական գործողությունների ծրագրում, սակայն, դեռեւս անելիքներ կան այս ուղղությամբ։ Պաշտպանական ոլորտում կատարվող բարեփոխումները լավ են ընթանում, սակայն դրանք պետք է զուգակցվեն նաեւ քաղաքական բարեփոխումներով եւ ժողովրդավարական ինստիտուտների ստեղծմամբ», - ասել է Անդերս ֆոգ Ռասմուսենը:

Հայաստանի նախագահը, իր հերթին, բարձր է գնահատել ռազմական դաշինքի եւ Հայաստանի համագործակցությունը՝ անվտանգության ամրապնդման հարցում:

«Հայաստանն ունի մարտունակ բանակ, որը պատրաստ է ամբողջովին կատարելու իր վրա դրված խնդիրները», - հայտարարել է Սերժ Սարգսյանն ու միաժամանակ ընդգծել. - «Մյուս կողմից, մենք երազում ենք այն օրվա մասին, երբ մեր տարածաշրջանում չեն լինի գերհագեցած եւ մեծ բանակներ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG