Մատչելիության հղումներ

logo-print

Սերժ Սարգսյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիա կատարած աշխատանքային այցի շրջանակում երեկ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` քննարկվել են Հայաստան - ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Կողմերը նշել են, որ վերջին տասնամյակում զգալի առաջընթաց է արձանագրվել Հայաստան - ՆԱՏՕ հարաբերություններում` ապահովելով ակտիվ երկխոսություն ռազմաքաղաքական ոլորտում: Հատկապես հաջողված են համարվել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը, Հայաստանում ՆԱՏՕ-ի զորավարժությունների անցկացումը եւ Հայաստանի ընդլայնվող մասնակցությունը ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին:

Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հետեւողականորեն շարունակելու է գործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկեր պետությունների հետ համագործակցության օրակարգում ներառված բնագավառներում, ինչպիսին են միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, սահմանների պաշտպանությունն ու կառավարումը, խաղաղապահ առաքելությունը եւ այլն:

Նախագահն ընդգծել է Հայաստանի զինված ուժերում իրականացվող բարեփոխումների գործին Դաշինքի կողմից ցուցաբերվող օժանդակության արդյունավետությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի շուրջ, նաեւ խոսել Հայաստան - Թուրքիա հարաբերությունների կարգավորման կասեցված գործընթացի մասին: Սերժ Սարգսյանը նշել է, որ նախապայմաններ թելադրելով եւ պայմանավորված ժամկետները խախտելով` Թուրքիան վատնել է իր` որպես բանակցային գործընկերոջ վստահության պաշարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG