Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը հրապարակեց իր արտահերթ զեկույցը


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը երեքշաբթի օրը հրապարակեց իր արտահերթ զեկույցը, որում եզրակացրել է, որ «Հայաստանում մասամբ կամ ամբողջությամբ խախտվում են ազատ հավաքների իրավունքների սկզբունքները»:

Ուսումնասիրելով իրավիճակը 2008-ի նախագահական ընտրություններից մինչեւ այսօր` օմբուդսմենը արձանագրել է, որ խախտվում է «խաղաղ հանրահավաքները պաշտպանելու պետության պարտականությունը, խտրականության բացառման սկզբունքը»:

«Հանրային իշխանությունների վարքագիծը շատ դեպքերում հիմք է տալիս պնդելու, որ վերջիններիս կողմից լիարժեք չի գնահատվում հավաքների ազատության կարեւորությունը», - հայտարարեց Արմեն Հարությունյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ տեղաշարժ է արձանագրվում 2008-ի նախագահական ընտրություններից հետո, արդյոք խաղաղ հանրահավաքները շարունակում են խոչընդոտվել այնպես, ինչպես նախկինում, Հարությունյանը արձագանքեց, թե «պարզապես հիմա նախընտրական փուլ չէ, այլապես վիճակը կարող էր շատ չտարբերվել»:

Մարդու իրավունքների պաշտպանի տվյալներով, Երեւանի քաղաքապետարանը 2008 թվականին զանգվածային միջոցառումներն արգելելու 80-ից ավելի որոշումներ է կայացրել:

Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում վկայակոչված չեն անցած տարի ընդդիմության երթերի ժամանակ մարդկանց ոստիկանության բաժանմունքներ բերման երթարկելու, բռնություններ գործադրելու, քրեական գործեր հարուցելու դեպքերը: Ասվում է սոսկ, որ «երթ անցկացնելու իրավունքը, կարծես, ավելի քիչ է պաշտպանված, քան հանրահավաքի իրավունքը»:

Մարդու իրավունքների պաշտպանը վիճակը բացատրում է գործող օրենսդրության մեջ առկա «ոչ հստակ դրույթներով», եւ մտադիր է հունիսին ներկայացնել նոր օրենքի նախագիծ:

Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք հավաքների խոչընդոտումը պայմանավորված է միայն օրենսդրական բացով, եւ եթե օրենքը փոխվի, իշխանություններն է՞լ են փոխվելու, օմբուդսմենը պատասխանեց, որ նաեւ «իրավակիրառական պրակտիկայում խախտումներ կան», բայց չցանկացավ մեկնաբանել իրշխանությունների` ոչ ժողովրդավար լինելու մասին հարցադրումները:

«Ես ո՞նց բացատրեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանը քաղաքական գործիչ չէ, զեկույցն էլ քաղաքական զեկույց չէ», - ասաց նա:
XS
SM
MD
LG