Մատչելիության հղումներ

Ուսանողական այգու համար պայքարը դեռ կշարունակվի


«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը նամակով դիմել է հանրապետության բարձրաստիճան այրերին` պատմելով մոտ մեկ ամիս առաջ ձեւավորված իրենց խմբի մասին, որն արդեն ունի բազմաթիվ համախոհներ, ու պահանջել է «վերջ դնել մասնավոր շահի գերակայությունը հանրային շահից, ապահովել ՀՀ քաղաքացիների առողջ ու անվտանգ շրջակա միջավայրում ապրելու, կրթություն ստանալու, հանգստանալու ու ստեղծագործելու իրավունքները»:

«Մենք հավաքել ենք 19.670 ստորագրություն, որոնք ուղեկցող տեքստով ուղարկել ենք ՀՀ նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին եւ երեւանի քաղաքապետին», - պատմեց նախաձեռնող խմբից անդամներից Վահրամ Սողոմոնյանը:

«Մենք ենք այս քաղաքի տերը» խմբի նախաձեռնողները նշում են, որ չեն պատկանում որեւէ կազմակերպության, այլ «պարզապես քաղաքացիներ են ու ցանկանում են փրկել երեւանյան հերթական այգին բետոնապատումից` ստեղծելով հաջող նախադեպ մյուս այգիների համար»:

Մայիսի 14-ի ակցիան` ի պաշտպանություն Ուսանողական այգու
«Մեզ ոգեւորում է հատկապես այն, որ անգամ պատանիները շատ պատրաստակամ են ու կարողանում են պնդել, որ ուզում են այգի ունենալ», - նշեց Վահրամ Սողոմոնյանը:

Չնայած ծառեր արդեն հատվել են, իսկ շինարարությունը մեծ թափով շարունակվում է, Երեւանի քաղաքապետարանը փորձել է համագործակցել նախաձեռնող խմբի հետ, բայց ինչպես երիտասարդներն են հայտնում, քաղապետարանը որեւէ գործնական քայլ չի ձեռնարկել, իսկ քաղաքապետը միայն բանավոր համաձայնել է երիտասարդների հետ որոշ հարցերում:

Վահրամ Սողոմոնյանի խոսքով` իրենք շատ երկար շնչառություն ունեն ու կգնան մինչեւ վերջ` մինչեւ սրճարանի ապամոնտաժումը: Հիմա իրենց համար կարեւոր փուլ է, քանի որ սպասում են իշխանությունների արձագանքներին:

Եթե մինչեւ հիմա կազմակերպված ակցիաները, ստորագրահավաքը, հանդիպումները եւ նամակները սրճարանի ապամոնտաժման գործում ոչ մի դրական քայլի չհանգեցնեն, նախաձեռնող խումբը պատրաստվում է դիմել ավելի ծայրահեղ քայլերի, որոնցից է, օրինակ, դատական կոլեկտիվ հայցը Ազգային գրադարանի ընթերցողների եւ հարակից շենքերի բնակիչների կողմից ընդդեմ քաղաքապետարանի:

XS
SM
MD
LG