Մատչելիության հղումներ

Սպառողներին մատակարարվող խմելու ջրի սակագինը Երեւանում եւս մեկ տարի կմնա անփոփոխ` 1 խորանարդ մետրի դիմաց 181 դրամ: Այսպիսի որոշում կայացրեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեքշաբթի օրվա նիստում:

Այդուհանդերձ, համաձայն հանձնաժողովի որոշման, հուլիսի 8-ից Երեւանում 1 խորանարդ մետր խմելու ջուրը կարժենա 195 դրամ. ջրի գնի ու սակագնի տարբերությունը սուբսիդավորելու է Երեւանի քաղաքապետարանը` մեկ տարի` մինչեւ 2011 թվականի հուլիսի 8-ը:

«Ներկայացված էր սակագին` 207 դրամ, մեր աշխատակազմը իր մոնիտորինգի արդյունքներով առաջարկեց 195 դրամ, կա նաեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից գրություն` [քաղաքապետ] Գագիկ Բեգլարյանի ստորագրությամբ, որ ինքը պատրաստ է [վճարել] տարբերությունը` սուբսիդավորման կարգով, որպեսզի սակագինը մնա անփոփոխ», - ասաց հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Այսպիսով, թեեւ «Երեւան Ջուր» ընկերությունը առաջարկում էր խմելու ջրի սակագինը 1 խորանարդ մետր ջրի դիմաց գործող 181 դրամից բարձրացնել` հասցնելով 207 դրամի, սակայն հանձնաժողովը ջրի գինը սահմանեց 195 դրամ:

«Երեւան Ջուր» ընկերության ներկայացրած հիմնավորումը, թե ինչու են որոշել դիմել հանձնաժողով` բարձրացնելու ջրի գինը, հետեւյալն է` Երեւանում ջրի սպառումը նվազել է մոտ 20 տոկոսով, բացի այդ` տեղի է ունեցել դրամի արժեզրկում, ինչի հետեւանքով ընկերության եկամուտները նվազել են, սակայն ընկերության պարտավորությունները մնացել են նույնը, ուստի անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ` քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի արդիականացումը շարունակելու համար:

«Երեւան Ջուր» ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեն հանձնաժողովի այս որոշումից դժգոհ էր, քանի որ 207 դրամ սակագնի դեպքում ընկերությունը նախատեսում էր տարեկան ստանալ լրացուցիչ մեկ միլիարդ դրամի եկամուտ։ Այս դեպքում այդ գումարը ավելի քան կիսով չափ կրճատվեց։

«Ես վերջնական սակագնից դժգոհ եմ, որովհետեւ հարկադրված կլինենք մեր բյուջեում մեծ կրճատումներ կատարել, եւ դա կլինի ի վնաս մատուցված ծառայությանը։ Սակայն հուսանք, որ այլ գործողությունները, որոնք մենք ծավալել ենք, արդեն կտան իրենց արդյունքները, որպեսզի մասմաբ այս բացասական պահը կարողանանք ծածկել», - ասաց նա:

Ըստ Ռուայեի, որպեսզի Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգը դառնա ժամանակակից, կպահաջնվի մոտ 500 միլիոն դոլար, եւ եթե տարեկան իրենք կարողանան արդիականացնել ցանցի 2-3 տոկոսը, ապա կպահանջվի առնվազն 40 տարի մինչեւ ողջ համակարգի արդիկանացումը։ Նրա խոսքով, ներկայումս ջրի կորուստները կազմում են ավելի քան 80 տոկոս։

Ինչեւէ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, իր հերթին, բողոքեց ընկերության ներկայացրած հիմնավորումից. - «Ձեր կորուստների ուղիղ կեսը ոչ թե պայմանավորված է այդ ներդրումներով, խողովակաշարերի մաշվածությամբ, այլ դրանք կոմերցիոն կորուստներ են` ուղղակի գողություններ են, որոնք կատարվում են ձեր աշխատողների բարձր հովանու ներքո: Եվ ես ավելի քան վստահ ասում եմ, որ այս ուղղությամբ դուք լուրջ թերացել եք»:

Ըստ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանի, իրականում, «Երեւան Ջուր»-ը չի կարողանում հավաքել ջրի վարձավճարները, ֆինանսական կորուստները ցույց է տալիս որպես ջրի կորստի հետեւանք եւ արդյունքում իր վնասները ձգտում է փոխհատուցել` բարձրացնելով սակագինը:

«Ես համոզված չեմ, որ բացի ազգաբնակչությունից, մնացած տնտեսավարող սուբյեկտները վճարում են ջրի դիմաց գումարներ: Եվ այդ գումարները հաշվվում է որպես կորուստ: Ես համոզված չեմ, որ տեխնիկական կորուստները կազմում են այդպես: Ֆինանսաական կորուստները միգուցե եւ հասնեն 100 տոկոս», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Խաչատրյանը:

Խմելու ջրի գնի նախորդ բարձրացումը մոտ մեկ տարի առաջ էր, երբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ 2009 թվականի հուլիսի 8-ից երեւանցիները օգտագործված 1 խորանարդ մետր ջրի համար 172.8 դրամի փոխարեն սկսեցին վճարել 181 դրամ:
XS
SM
MD
LG