Մատչելիության հղումներ

«Հատուկ քննչականը փորձում է կոծկել Խալաֆյանի սպանությունը»


Վահան Խալաֆյան
Վահան Խալաֆյան
Հատուկ քննչական ծառայությունը ամեն ինչ անում է ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած Վահան
Արթուր Սաքունց
Խալաֆյանի սպանությունը կոծկելու համար: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:


Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր¸ թե նախաքննությամբ հիմնավորվում է Վահան Խալաֆյանի ինքնասպանության վարկածը:

Արթուր Սաքունցի պնդմամբ, մինչդեռ, առ այսօր Հատուկ քննչական ծառայությունը չի պատասխանել մի շարք կարեւոր հարցադրումների, որոնք, ըստ իրավապաշտպանի, ըստ էության ցույց են տալիս, որ Խալաֆյանին սպանել են:

«Նախ, դանակի երկու հարվածների հարցը. չի պատասխանվում, թե ո՞ր հարվածն է առաջին կամ երկրորդը տրվել, եւ ինչպե՞ս է եղել, որ մարդը կարողացել է իրեն երկու հարված տալ` այն պահից հետո, երբ ենթարկվել է նման տիպի խոշտանգումների», - նշեց իրավապաշտպանը:

Մյուս հարցը, ըստ նրա, այն է, որ «մինչեւ հիմա չի պարզաբանվել, թե ինչպե՞ս հայտնվեց այդ դանակը, ո՞վ տվեց Վահան Խալաֆյանի ձեռքը, որ ինքը իրեն սպանի»:

«Մյուս հարցը` մի օպերը կալանավորվել է. ըստ Վահան Խալաֆյանի եղբոր` սենյակում իր եղբոր հետ եղել են երկու օպեր, ո՞րն է եղել մյուս օպերի դերակատարությունը: Հաջորդ հարցը` հագուստը, որի վրա, նորից հարազատների պնդմամբ, չի եղել դանակի հետքեր, ի՞նչ է եղել, ինչո՞վ է բացատրվում, որ հագուստ չի եղել վրան», - նշեց Սաքունցը:

Իրավապաշտպանի համոզմամբ` «փորձագետները պարտավոր էին նաեւ պատասխանել հետեւյալ հարցին. այն բռնությունները, որ[ոնց հետքերը] Վահան Խալաֆյանի մարմնի վրա կային եւ գլխի վրա` դրանք ինչպիսի՞ ազդեցություն կարող էին թողնել, արդյո՞ք կարող էր այդ վնասվածքների հետեւանքով Վահան Խալաֆյանը գտնվեր անգործության մեջ, կամ նման վիճակում գտնվող մարդը ընդհանրապես ունա՞կ էր որեւիցե շարժում կատարելու»:

«Այսինքն, հարցեր են, որոնք, ըստ էության, մեզ ավելի շատ հիմք են տալիս կասկածելու, որ տեղի է ունեցել սպանություն», - ամփոփեց Սաքունցը:

Այն, որ Հատուկ քննչական ծառայությունը փորձում է կոծկել գործը, իրավապաշտպանի համոզմամբ, ցույց է տալիս նաեւ նախաքննությունը արագ ավարտելու ցանկությունը. - «Ապրիլի 13-ին տեղի ունեցած դեպքը` նման դեպքը, շատ կարճ ժամկետում, ըստ էության` մեկ ամսվա ընթացքում, բացահայտվում է. սա ուղղակի չլսված է ընդհանրապես Հայաստանի պրակտիկայի մեջ, երբ նման տիպի հանցագործությունը շատ կարճ ժամկետում բացահայտում են»:

Արմեն Հարությունյան
Պաշտոնական վարկածը, թե ծեծվելուց հետո Խալաֆյանը ինքնասպան է եղել, երեքշաբթի օրը կասկածի տակ դրեց նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` օմբուդսմենը ասաց, թե ինքնասպանության վարկածը հավանական չի համարում. - «Ես հավանական չեմ համարում դա: Արդեն բնավորությո՞ւն է դարձել. գնում են ոստիկանություն` ինքնասպանություն են գործում»:

Արմեն Հարությունյանը խոստացավ Վահան Խալաֆյանի գործին ավելի հանգամանալից անդրադառնալ նախաքննության ավարտից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG