Մատչելիության հղումներ

Քիլիչդարօղլուն` Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության նոր լիդեր


Քեմալ Քիլիչդարօղլու
Քեմալ Քիլիչդարօղլու

Մայիսի 22-ին Քեմալ Քիլիչդարօղլուն ընտրվել է Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ։ Նա փոխարինել է արտամուսնական սկանդալի հետեւանքով հրաժարական ներկայացրած Դենիզ Բայքալին։

Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը 1923 թվականին ստեղծել է արդի Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը։

Կուսակցությունը հանդես է գալիս ընդգծված աշխարհիկ դիրքերից եւ անցած մի քանի տարվա ընթացքում տարբեր առիթներով փորձել է ապացուցել, որ վարչապետ Ռեջեփ Էրդողանի ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը գաղտնի իսլամական օրակարգ է իրականացնում։

Կուսակցության նախկին ղեկավար Դենիզ Բայքալը հայ-թուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղի հարցերում կոշտ դիրքորոշում է ցուցաբերել, հետեւողականորեն պնդելով, որ հայերը պետք է կատարեն երկու պահանջ` հրաժարվեն Ցեղասպանությունը ճանաչելու կուրսից եւ դուրս բերեն զորքը Ղարաբաղից։

Նոր լիդերի` 62-ամյա Քեմալ Քիլիչդարօղլուի մասին ասում են, թե նա «թշվառների արդար դատի պաշտպանն է»։ Նրան անվանում են «թուրք Գանդի»։

Քիլիչդարօղլուն նախկինում աշխատել է Թուրքիայի ֆինանսների նախարարությունում։ 2009 թվականին պայքարել է Ստամբուլի քաղաքապետի պաշտոնի համար, հավաքել է քվեների շուրջ 37 տոկոսը, սակայն պարտվել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Քադիր Թոփբասին, ով քվեների 44 տոկոսով ընտրվել է Թուրքիայի ամենախոշող քաղաքի ղեկավար։

«Այդ հարուստները ձեզ կողոպտել են, ձեր տառապանքների հաշվին կառուցել են ջրավազաններով շքեղ առանձնատներ», - հանրահավաքներում հաճախ կրկնել է Քիլիչդարօղլուն՝ հավաստիացնելով, որ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը պայքարում է այդ անարդարության դեմ։ Հանրահավաքներին ներկա հազարավոր աջակիցները այդ պահերին վանկարկել է «վարչապետ Քեմա՛լ, վարչապետ Քեմա՛լ»»։
Իր ելույթներում Քիլիչդարօղլուն հետեւողականորեն արծարծում է կոռուպցիայի հարցը։ Նա ասում է նաեւ, թե ներկայիս վարչապետ Էրդողանը դարձել է անձեռնմխելի անձ։

«Ոչ ոք չի համարձակվում քննադատել Էրդողանին, մենք վերջ ենք տալու այս վախի կայսրությանը»,- ասել է Քիլիչդարօղլուն, ով խոստացել է նաեւ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում իրականացնել սահմանադրական բարեփոխումներ եւ, մասնավորապես, զրկել օրենսդիրներին անձեռնմխելիությունից։

Թուրք վերլուծաբանների համոզմամբ, Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կարող է լուրջ մարտահրավեր նետել «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը հաջորդ ընտրություններում, որոնք, հավանաբար, տեղի կունենան 2011-ի կեսերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG