Մատչելիության հղումներ

Ոստիկանությունում 24-ամյա երիտասարդի սպանության վարկածը «չի հիմնավորվել»


Վահան Խալաֆյան

Վահան Խալաֆյան

Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը երկուշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում տեղեկացրեց, որ ապրիլին ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված Վահան Խալաֆյանի մահվան առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությունը ավարտին է մոտենում եւ շուտով գործը կուղարկվի դատարան:

Այս գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա ապրիլին կալանավորվել էին ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Մորիս Հայրապետյանը եւ նույն բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը: Երկուսն էլ մեղադրվում են պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ Խալաֆյանին ինքնասպանության հասցնելու համար:

Վահան խալաֆյանի հարազատներն ու այս գործով զբաղվող իրավապաշտպանները պնդում են, որ 24-ամյա երիտասարդին Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում տանջելով, դաժան ծեծի ենթարկելով, սպանել են:

Մինչդեռ, Անդրանիկ Միրզոյանի խոսքով, նախաքննության ընթացքում սպանության վարկածը չի հիմնավորվել։

«Նախաքննության առաջին օրվանից նման վարկած ընտրել ենք, մանրամասն քննություն է կատարվել, բայց այդ վարկածը չի հիմնավորվում», - նշեց Հատուկ քննչական ծառայության պետը։

Խալաֆյանի հարազատները համաձայն չէին նաեւ օրեր առաջ հրապարակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության հետ, որով փաստորեն չէր բացառվում, որ Վահան Խալաֆյանը ինքնասպան է եղել:
Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը հայտարարեց, որ դատաբժշկական փորձաքննությամբ՝ «ինքնասպանության վարկածը հիմնավորվում է»։

«Վերջնական իրավական գնահատական կտանք նախաքննության ավարտից առաջ», - ասաց Միրզոյանը՝ տեղեկացնելով, որ սպասում են, մասնավորապես, հետմահու դատահոգեաբանական փորձաքննության եզրակացությանը, որը նշանակվել է՝ պարզելու, թե ինչ հոգեվիճակում է եղել Խալաֆյանը, եւ կարող էր արդյոք ինքն իրեն վնասել։

Այս փորձաքննության եզրակացությունից է կախված նաեւ, թե իրավական ինչ գնահատականներ կտա նախաքննության մարմինը ոչ միայն Չարենցավանի ոստիկանության բաժանմունքի ծառայողների, այլ նաեւ Խալաֆյանի գործողություններին:

«Մենք հրապարակել ենք՝ մինչ այդ ինքնավնասման դեպքեր ունի նա, որոնք համակցության մեջ պետք է նայվեն եւ տրվեն գնահատականներ», - ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG