Մատչելիության հղումներ

Ֆրանսահայ ռեժիսորը` Կաննի փառատոնի մրցանակակիր


Սերժ Ավետիքյանը ասուլիս է տալիս Երեւանում, 27-ը նոյեմբերի, 2009թ.
Սերժ Ավետիքյանը ասուլիս է տալիս Երեւանում, 27-ը նոյեմբերի, 2009թ.

Ֆրանսահայ ռեժիսոր Սերժ Ավետիքյանի «Շան պատմությունը» անիմացիոն ֆիլմը լավագույնն է ճանաչվել Կաննի 63-րդ կինոփառատոնում` կարճամետրաժ ֆիլմերի անվանակարգում: Ժյուրիի այս որոշումը հրապարակել է աշխահահռչակ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը:

15 րոպե տեւողությամբ ֆիլմի իրադարձությունները ծավալվում են ուղիղ մեկ դար առաջ` 1910 թվականին` Օսմանյան կայսրության մայրաքաղաքում: Նոր իշխանության եկած երիտթուրքերը դիմում են արեւմտյան պետությունների օգնությանը` Կոնստանդնուպոլսի փողոցները 30 հազար թափառական շներից ազատելու համար: Կառավարությունը, ի վերջո, որոշում է հրաժարվել շների ոչնչացման ավանդական եղանակից` կենդանիներին պարզապես տեղահանելով Պոլսի հարեւանությամբ գտնվող անմարդաբնակ կղզիներից մեկը, որտեղ էլ շների մեծ մասը սովից ու ծարավից սատկում է:

Քննադատներից շատերը նկատում են, որ այս ֆիլմի միջոցով Ավետիքյանը ալեգորիկ կերպով փորձել է ներկայացնել այն ճակատագիրը, որին արժանացան Օսմանյան կայսրությունում բնակվող կրոնական փոքրամասնությունները նախորդ դարասկզբին:

Կիրակի օրը «Ոսկե արմավենի» մրցանակը ստանալուց անմիջապես հետո Սերժ Ավետիքյանը ասել է. - «Նախ եւ առաջ, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պատմությանը: Ես տպավորություն ունեմ, որ այս կինոնկարը նկարել եմ, որպեսզի չընդհատվի այն կապը, որ գոյություն ունի Անատոլիայում ծնված հայ նախնիներիս եւ Փարիզում ապրող որդիներիս միջեւ: Աշխարհի ցանկացած ռեժիսոր ֆիլմ նկարահելու իր գաղտնիքն ունի, եւ սա էլ հենց իմ գաղտնիքն էր»:

Ֆիլմի ստեղծմանը աջակցած ընկերություններ թվում է նաեւ Ստամբուլում գործող Anadolu Kultur հիմնադրամը, որի ներկայացուցիչ Օսման Կավալային Ավետիքյանը Կաննի փառատոնի փակման արարողության ժամանակ հատուկ շնորհակալություն հայտնեց:

Սերժ Ավետիքյանը ծնվել է 1955 թվականին Երեւանում, հետագայում ընտանիքով տեղափոխվել է Ֆրանսիա:

Կաննի 63-րդ կինոփառատոնի պաշտոնական ծրագրում ընդգրկված էր նաեւ լիբանանահայ ռեժիսոր Վաչե Բլղուրջյանի «Հինգերորդ զորասյուն» ֆիլմը: Կինոնկարում տեղ գտած իրադարձությունները ծավալվում են Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ` Բեյրութի հայաշատ Բուրջ Համուդ թաղամասում: «Հինգերորդ զորասյուն»-ը, սակայն, ժյուրիի որեւէ մրցանակի այդպես էլ չարժանացավ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG