Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան ընտրությունների նախնական արդյունքներով` հաղթել է «Ազատ հայրենիք»-ը


Քվեարկությունը Ստեփանակերտի ընտրատեղամասերից մեկում, 23-ը մայիսի, 2010թ.

Քվեարկությունը Ստեփանակերտի ընտրատեղամասերից մեկում, 23-ը մայիսի, 2010թ.

Ղարաբաղում կիրակի օրը անցկացված խորհրդարանական ընտրություններում, նախնական արդյունքներով, հաղթել է վարչապետ Արա Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը:

6-տոկոսանոց արգելքը հաղթահարել են նաեւ խորհրդարանի ներկայիս խոսնակ Աշոտ Ղուլյանի գլխավորած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը:

Համամասնական ընտրակարգով առաջադրված 4 կուսակցություններից վերջին տեղում է կոմկուսը, որը չի հաղթահարել 6 տոկոսի շեմը:

Խորհրդարանի 33 մանդատների համար ընտրություններն անցկացվել են համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով։ Համամասնական ընտրակարգով առաջադրված 4 կուսակցությունների 82 թեկնածուները պայքարում են 17 տեղի համար։ Մեծամասնական ընտրակարգով 16 պատգամավորական տեղի են հավակնում 44 թեկնածուներ:

Երկուշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփած նախնական արդյունքներով, «Ազատ հայրենիք» կուսակցությունը ստացել է 29 հազար 252 կամ քվեարկությանը մասնակցած ընտրողների 46.4 տոկոսի ձայները, 18 հազար 17 կամ քվեարկության մասնակիցների 28.6 տոկոսի ձայներով երկրորդ տեղում է Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, եւ 12 հազար 728 կամ ընտրողների 20.2 տոկոսի քվեներով երրորդ տեղում է Հայ հեղափոխական դաշնակցությունը, կոմկուսը ստացել է 3 հազար 54 կամ քվեարկության մասնակիցների 4.8 տոկոսի ձայները:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը նոր խորհրդարանից ակնկալում է ավելի որակով աշխատանք, քան նախկինն էր: Այդ մասին նա հայտարարեց կիրակի օրը քվեարկելուց հետո: «Եվ կարծում եմ, մենք հնարավոր նախադրյալները ստեղծել ենք, որպեսզի նոր Ազգային ժողովը մեր երկրի պահանջները ավելի բարձր մակարդակով կատարի», - ասաց Սահակյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան անդրադառնալով խորհրդարանական ընտրություններում ընդդիմադիր ուժերի բացակայության հանգամանքին` Լեռնային Ղարաբաղի նախագահը նշեց. - «Համարում եմ, որ ընդդիմադիր տրամադրություններ կան, դուք հնարավորություն եք ունեցել այս տարիների ընթացքում համոզվելու, որ մեր երկրում կան ընդդիմադիր տրամադրություններ, եւ այս տարիների ընթացքում որեւէ անգամ մենք փորձեր չենք կատարել արհեստական ընդդիմադիր դաշտ ձեւավորելու: Մենք ճիշտ ենք, որովհետեւ եթե մենք նմանատիպ քայլեր ձեռնարկենք, դա կլինի ժողովրդավարական սկզբունքների ամենակոպիտ խախտում»:

Ղարաբաղյան շարժման ակտիվիստ, քաղաքական գործիչ, դոկտոր Կարեն Օհանջանյանի կարծիքով, մինչդեռ, այս ընտրությունները Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումից աննախադեպ էին որպես «ոչ ժողովրդավար»:

Օհանջանյանը նշում է, որ այս պահին, երբ միջազգային հանրությունը քննադատում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացը, ղարաբաղյան իշխանությունները պետք է անեին ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները լինեին ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան:

Կարեն Օհանջանյանի համոզմամբ, Ղարաբաղի իշխանությունը օգտագործեց վարչական ռեսուրսները, ինչը նույն իշխանություններին, նրա խոսքերով, օգնեց, որպեսզի վարչապետի գլխավորած կուսակցությունը հաղթող ճանաչվի: Քաղաքական գործիչը կարծում է, որ այս ընտրությունները պետք է ճանաչվեն ոչ լեգիտիմ, եւ Ղարաբաղի նախագահից պետք է պահանջվեն վարչապետի ու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի հրաժարականները, որոնք, Օհանջանյանի պնդմամբ, ընտրությունների կեղծման մեղավորներն են:

Ղարաբաղի 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին հետեւել են դիտորդներ ԱՄՆ-ից, մի շարք եվրոպական երկրներից, Ռուսաստանից եւ Հայաստանից:

«Մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղում անցկացված խորհրդարանական ընտրությունները վկայում են Արցախում ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման հանդեպ իշխանությունների եւ ժողովրդի հանձնառության մասին», - այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ընդգծելով. - «Միջազգային հանրությունն առավել քան պետք է շահագրգռված լինի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցում գործ ունենալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելեւս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մասին մանդատով»։

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ ռուսաստանցի Իգոր Պոպովը, ֆրանսիացի Բեռնար Ֆասիեն եւ ամերիկացի Ռոբերտ Բրադկեն այսօր նույնպես հանդես են եկել հայտարարությամբ, որով անդրադարձել են Լեռնային Ղարաբաղում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին։

Համանախագահները նշել են, որ «ըմբռնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության հասարակական կյանքը դեմոկրատական ընթացակարգով կազմակերպելու գործող իշխանությունների առջեւ ծառացած անհրաժեշտությունը, սակայն ընդգծում են, որ Լեռնային Ղարաբաղը համանախագահող երեք երկրներից եւ ոչ մեկի կողմից ճանաչված չէ որպես անկախ եւ ինքնիշխան պետություն։ Ղարաբաղը ճանաչված չէ նաեւ որեւէ այլ երկրի, այդ թվում Հայաստանի կողմից»։

ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը նշել է, որ իրականացված ընթացակարգը չի կարող կանխորոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական օրինական կարգավիճակի հստակեցումը հակամարտության խաղաղ համապարփակ կարգավորման շրջանակներում։

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում հերթական ընտրությունների անցկացումը խստորեն դատապարտել էին Ադրբեջանը եւ Թուրքիան:

Հատուկ հայտարարությամբ էր հանդես եկել Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը` նշելով, թե Եվրամիությունը չի ճանաչում այն սահմանադրական եւ իրավական շրջանակները, որոնց հիման վրա Ղարաբաղում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG