Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի նախագահը նամակ է հղել Եվրախորհրդարանի նախագահին


Armenia -- Parliament speaker Hovik Abrahamian.

Armenia -- Parliament speaker Hovik Abrahamian.

Ուրբաթ օրը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ է ուղարկել Եվրոպական Խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկին՝ հայտնելով իր մտահոգությունները մայիսի 20-ին Եվրախորհրդարանի ընդունածեց «Հարավային Կովկասում Եվրամիության կողմից ռազմավարություն մշակելու անհրաժեշտության մասին» բանաձեւի կապակցությամբ:

«Բանաձեւի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մասում առկա 6 կետերից 4-ում (6, 7, 8, 10) կան ձեւակերպումներ, որոնք հակասում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, ԵԱՀԿ եւ ԵՄ դիրքորոշումներին, որոնք մանրամասնորեն արտահայտվել են 2009թ. դեկտեմբերին Աթենքում Լեռնային Ղարաբաղին վերաբերող համապատասխան հայտարարություններում, ինչպես նաեւ` հենց Եվրոպական Խորհրդարանի 1998 թվականից ի վեր ընդունված բանաձեւերին։ Դրանք համահունչ չեն Մադրիդյան սկզբունքներին, Մոսկվայի հռչակագրին եւ Աքվիլայի հայտարարությանը, որոնց մասին հիշատակվում է բանաձեւում», - ասված է նամակում, որը տարածել է Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Հովիկ Աբրահամյանը այնուհետեւ գրել է, որ բանաձեւի հեղինակը՝ բուլղարացի պատգամավոր Եվգենի Կիրիլովը «երբեւէ առնչություն չի ունեցել Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ զեկույցի պատրաստման ընթացքում չի այցելել տարածաշրջան». - «Նա նաեւ հարկ չի համարել խորհրդակցել բանակցային գործընթացում միջնորդների` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, մասնավորապես ԵՄ անդամ երկիր հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, ինչը Լեռնային Ղարաբաղին վերաբերող ձեւակերպումներում անհանդուրժելի խեղաթյուրումների պատճառներից է»։

«Այս կարգի մոտեցումը վնաս է հասցնում Եվրոպական Խորհրդարանի հեղինակությանը եւ լուրջ բացասական ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա», - եզրափակում է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը՝ հույս հայտնելով, որ «անաչառ եւ հավասարակշիռ մոտեցումներով Ձեր ղեկավարած կառույցն իր նպաստը կարող է բերել տարածաշրջանում կայունության եւ խաղաղության ամրապնդմանը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG