Մատչելիության հղումներ

Շիրակի նոր մարզպետը «իր խաղի» կանոններն է թելադրում


Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյան
Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյան
Շիրակի նորանշանակ մարզպետը, «բաց ու թափանցիկ» է աշխատելու լրատվամիջոցների հետ, բայց եթե որեւէ մեկը իր ասածները խեղաթյուրի՝ տվյալ լրատվամիջոցը կհայտնվի անցանկալիների սեւ ցուցակում։ Այս մասին Աշոտ Գիզիրյանը՝ Շիրակի նոր մարզպետը, հայտարարեց ուրբաթ օրը լրագրողների հետ զրույցում։

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը (կենտրոնում) ներկայացնում է Շիրակի նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանին (աջից)
Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ուրբաթ օրը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Աշոտ Գիզիրյանին, թեեւ, ինչպես վերջինս նշեց, իրեն ներկայացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ երկար տարիներ աշխատել է Շիրակի մարզում։

Հարցին, թե եկել եք, որ մարզում ամրացնեք Հանրապետականի դիրքե՞րը, Գիզիրյանն այսպես պատասխանեց. - «Ես Հանրապետական չեմ»։

Շիրակի մարզպետը նաեւ հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե իրեն նշանակել են մարզի ընդդիմադիրներին նեղելու համար՝ ընդգծելով. - «Ո՞վ է ասում։ «Ասում»-ով չենք խոսում, այլ փաստերով»։

«Օրենքից դուրս էլ՝ ընկերություն, բարեկամություն, եղբայրություն»


Աշոտ Գիզիրյանին ներկայացնելու արարողությանը ներկա էր նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

«Ինձ ժողովուրդն է պաշտոնանկ անում, ես էլ այդպես խելագարված չեմ պաշտոնից։ Փառք աստծո՝ ժողովուրդն ընտրում է, աշխատում եմ, չի ընտրում՝ դուրս եմ գալիս», - ասաց Գյումրիի քաղաքապետը՝ արձագանքելով լրագրողների հարցին, թե ճիշտ են արդյոք այն լուրերը, թե հաջորդ քայլը լինելու է իր պաշտոնանկությունը։

«Մեր համատեղ աշխատանքը շատ լավ եմ տեսնում՝ եղբայրական, ընկերական։ Ամեն մեկս մեր ոլորտներում, օրենքի սահմաններում։ Քաղաքապետարանը իր լիազորություններն ունի, մարզպետարանը՝ իր լիազորությունները», - նորանշանակ մարզպետի հետ աշխատանքի հեռանկարներն ուրվագծեց Վարդան Ղուկասյանը՝ ընդգծելով. - «Բայց, իհարկե, օրենքից դուրս էլ՝ ընկերություն, բարեկամություն, եղբայրություն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG