Մատչելիության հղումներ

Էդվարդ Նալբանդյան. «Եվրախորհրդարանի բանաձեւի որոշ դրույթներ հակասում են Եվրամիության դիրքորոշմանը»


Էդվարդ Նալբանդյան
Էդվարդ Նալբանդյան
Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւի որոշ դրույթներ հակասում են նաեւ Եվրամիության դիրքորոշմանը: Այս մասին հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` ուրբաթ օրը արձագանքելով նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւին, որով, մասնավորապես, կոչ է արվում «հայկական ուժերը դուրս բերել ադրբեջանական օկուպացված տարածքներից»:

«Զեկույցի մեջ պարունակվող` Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ դրույթները համահունչ չեն ո'չ Մադրիդյան սկզբունքներին, ո'չ Լ’Աքուիլայի հայտարարությանը, ո'չ Մոսկվայի հռչակագրին, ինչի մասին հիշատակվում է հենց այդ զեկույցի մեջ», - ընդգծեց Նալբանդյանը իր արգենտինացի պաշտոնակից Խորխե Տայանայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: - «Ակնհայտ խառնաշփոթ է ձեւակերպումների, եւ կարծում եմ` պատճառներից մեկը նա է, որ զեկույցը գրողը երբեւէ չի եղել Ղարաբաղում, տարածաշրջանում` այս զեկույցը գրելիս, եւ չի խորհրդակցել անգամ Եվրամիության անդամ եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ հանդիսացող Ֆրանսիայի ներկայացուցչի հետ, եւ դրա պատճառով է, որ որոշ դրույթներ հակասում են նաեւ Եվրամիության դիրքորոշմանը, որը բազմիցս արտահայտվել է»:

Իսկ Եվրամիության դիրքորոշումը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, «2009 թվականի դեկտեմբերին Աթենքում բավական ընդարձակ հայտարարության մեջ արտահայտվեց, եւ այդ դիրքորոշումը լիովին համահունչ է Հայաստանի դիրքորոշմանը»:

Անդրադառնալով Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահի` ԱՄՆ-ում արած այն հայտարարությանը¸ թե այժմ Հայաստան - Թուրքիա բանակցային սեղանին դրված է նոր փաստաթուղթ, որի ընդունումը կախված է Հայաստանից, Էդվարդ Նալբանդյանը ասաց, թե դա իրականությանը չի համապատասխանում. - «Դա բացարձակ սուտ է, եւ ստերը մեկնաբանելու կարիք չունեն»:

Հայաստանի արտգործնախարարը բացարձակ սուտ որակեց նաեւ այն տեղեկությունները, թե այժմ քննարկվում է հայկական զինված ուժերը Ղարաբաղը շրջապատող երկու տարածքներից` Ֆիզուլիից եւ Քելբաջարից դուրս բերելու հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG