Մատչելիության հղումներ

Մայիսի 21-ի մամուլ


Եվրախորհրդարանի ընդունած բանաձեի առնչությամբ «Ժամանակ»-ի խմբագրականը հակադարձում է. - «Եվրոպացի չինովնիկները, խորհրդարանականները, բարձրից նայելով տարածաշրջանին, մասնավորապես, նաեւ Հայաստանին, վերամբարձ ցուցումներ են տալիս ժողովրդավարանալու, բարեփոխվելու եւ սառեցված հակամարտությունները կարգավորելու կապակցությամբ: Մինչդեռ մենք էլ, թերեւս, մեր հերթին, հարց պետք է տանք նույն այդ եվրոպացիներին, որ եթե նրանք իրենց համար տնտեսական, քաղաքական եւ անվտանգության նկատառումներից ելնելով, կարեւոր տարածաշրջան են համարում Հարավային Կովկասը, այդ թվում եւ Հայաստանը, ի՞նչն է պատճառը, որ նրանք Հարավային Կովկասի հետ հարաբերվում են դատավորի վերամբարձ դիրքից ցուցումներ տալով: Կոնկրետ Հայաստանի դեպքում որեւէ քայլ չեն անում Հայաստանի հիմնարար խնդիրների, բարեփոխումների, ժողովրդավարացման նպատակով քաղաքացիական պայքարին գործուն աջակցություն ցույց տալու համար»:

Հեռարձակումների թվայնացմանն առնչվող վերջին իրադարձությունների համատեքստում «Հայկական ժամանակ»-ն ընդհանրացնում է. - «Հայաստանի հեռուստաընկերությունների մի զգալի մասը ոչ թե հեռուստաընկերություն են բառիս հասկանալի իմաստով, այլ ընդամենը հաճախականություն զբաղեցնելու իշխանական հանձնարարական են կատարում: Այսօրինակ հանձնարարականներ քոչարյանասերժական վարչակազմը սկսեց իջեցնել «Ա1+»-ը փակելուց հետո: Երբ Հրանտ Թոխատյանի ղեկավարած «Շարմ»-ի միջոցով «Ա+»-ը փակեցին, վերջինիս կոլեկտիվը, բնականաբար, մասնակցելու էր մնացած հաճախականությունների համար մրցույթներին: Ու որպեսզի բոլոր այդ մրցույթներում «Ա1+»-ը պարտվի՝ ձեւավորվեցին նոր ընկերություններ, որոնք մի ուրիշ ձեւի ձգտում էին իրենց լուման ներդնել հայրենի հեռուստաեթերի զարգացման գործում: Նման տրյուկների գործադրմամբ իշխանությունները զբաղեցրեցին 22 հեռուստահաճախականություն: Այդ հաճախականություններին տիրացած անձանցից շատերը, սակայն, հեռուստաընկերություն ունենալու ո'չ ցանկություն ունեին, ո'չ էլ հնարավորություն: Ու չնայած ամպագոռգոռ ծրագրերով հմայել էին պնակալեզների հանձնաժողովին, շատ արագ հրաժարվեցին դրանք իրագործումից»:

«Հայոց Աշխարհ»-ը շարունակում է օտարալեզու դպրոցների աղմուկ հանած թեման՝ գրելով. - «Լինելով ազգային կրթահամակարգի համոզված կողմնակիցը, միաժամանակ համոզված պնդում ենք, որ այս բանավեճի համար ընտրված ելակետային չափորոշիչները ոչ միայն սխալ են, այլեւ ինչ-որ առումով անգամ զավեշտական։ Ի՞նչ օտարալեզու դպրոցների մասին են խոսում, ավելի ճիշտ՝ ճարտասանում մեր կրթության ոլորտի պատասխանատուները, երբ 21-րդ դարին, անկախ պետականության նվազագույն պահանջներին համապատասխանող հայկական դպրոց որպես այդպիսին չունենք»։

«Չորրորդ ինքիշխանություն» -ը հետեւյալ հարցն է ուղղում Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանին. «Հասարակության որոշ մասը միշտ այն կարծիքին է եղել, որ այս իշխանությունը հնարավոր է փոխվի միայն, եթե նրա ներսում սկսեն իրար ոչնչացնել»: Դեմիրճյանը պատասխանում է. - «Ամբողջ հարցն այն է, որ իրականացվող քաղաքականությունը ոչնչացնում է երկիրը: Բայց պետք չէ հույս դնել իշխանական հակասությունների վրա. դրանք մի օր կարող են լինել, մյուս օրը՝ չլինել: Մենք պետք է ապավինենք մեր ուժերին եւ մեր ժողովրդին: Իհարկե, ես նաեւ հասկանում եմ մարդկանց հիասթափությունը: Հասարակությունը տեսնում է, որ տարիներ շարունակ ընտրությունների միջոցով իշխանություն չի փոխվում, չնայած ինքը ընդվզում է եւ չի համակերպվում անարդարությունների, բռնությունների, կեղծիքների հետ: Բայց հարցը չի լուծում, եւ այս վիճակը, բնականաբար, կարող է հիասթափություն առաջացնել: Սա լուրջ խնդիրն է: Սակայն ընդդիմությունը պայքարել է եւ շարունակելու է պայքարել բացառապես քաղաքական մեթոդներով: Սա է ճանապարհը: Հեղաշրջումներ մեզ պետք չեն, մենք պետք է հասնենք որակական փոփոխությունների, հասնենք ողջ հասարակության պայքարի ու ակտիվության շնորհիվ: Եվ ես վստահ եմ, որ ի վերջո դա այդպես էլ լինելու է»:

Դպրոցներում այսօր հնչած Վերջին զանգի առիթով «Հրապարակ»-ի խմբագիրը նշում է. - «Տարեցտարի այս օրվա խորհուրդը զտվելու-բյուրեղանալու փոխարեն դառնում փողի եւ շքեղության մրցավազք: Եվ սրանում ոչ միայն ուսուցիչներն ու դպրոցն են մեղավոր, ինչպես սիրում են պնդել ոմանք, այլ մենք բոլորս՝ հասարակությունը: Համընդհանուր քաղքենիությունը, ունեցվածքի ու ցուցամոլության մրցավազքը, բովանդակազուրկ առօրյան սրան է հասցրել: Իսկ ինչ են տեսնել մեզնից՝ մեծահասակներիցս, երիտասարդները, որ, ընդօրինակելով, այլ՝ ավելի գիտակցված ընտրություն կատարեին: Մեր խնջույքների իմաստազուրկ լինելը, մեր սեղանների անհեթեթությունը, մեր ուրախանալու անկարողությունը, երբ ամեն ինչ վերածվում է սովորական ուտուշ-խմուշի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG