Մատչելիության հղումներ

Մարտիմեկյան իրադարձությունների արդյունքում զոհված զինծառայողի մայրը պատասխաններ է փնտրում


Հայաստան -- Բախումներ Երեւանում ընդդիմության աջակիցների եւ անվտանգության ծառայությունների միջեւ, Երեւան, 1-ը մարտի, 2010թ.
Հայաստան -- Բախումներ Երեւանում ընդդիմության աջակիցների եւ անվտանգության ծառայությունների միջեւ, Երեւան, 1-ը մարտի, 2010թ.

Մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի իրավահաջորդների բողոքի քննությունը հինգշաբթի օրը ավարտվեց։

Հունիսի 2-ին հայտնի կդառնա` դատարանը բավարարո՞ւմ է զինծառայողի սպանության հանգամանքների բացահայտման հարցում Հատուկ քննչական ծառայության ու դատախազության անգործությունը վիճարկող բողոքը:

Տիգրան Աբգարյանը 2008 թվականի մարտի 1-ին Գրիգոր Լուսավորիչ փողոցում ծառայություն իրականացնելիս պարանոցի շրջանում ստացել էր միջանցիկ հրազենային վնասվածք, տեղափոխվել հիվանդանոց, եւ ապրիլի 11-ին, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել։ Քննությունը մինչեւ հիմա չի պարզել ո՞վ եւ ի՞նչ հանգամանքներում է կատարել սպանությունը:

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը այսօրվա նիստում արգելեց զոհվածի իրավահաջորդների շահերի պաշտպան Արտակ Զեյնալյանին բանավոր հարցեր ուղղել վարույթն իրականացնող մարմնի ներկայացուցիչներին՝ հիմնավորելով, որ Զեյնալյանը դրա իրավունքը չունի:

Չնայած արգելքին՝ Զեյնալյանը բարձրաձայնեց հարցերը` արդեն դատարանին ներկայացվող միջնորդության տեսքով։ Զոհվածի իրավահաջորդների շահերի պաշտպանը հարցնում էր՝ նախաքննական մարմինն ու դատախազը ընդունո՞ւմ են արդյոք, որ խախտվել է Տիգրան Աբգարյանի կյանքի իրավունքը, ի՞նչ փուլում է զինծառայողի մահվան հանգամանքների բացահայտման գործը, ինչ ժամկետներում է նախատեսվում ավարտել այն։ Արտակ Զեյնալյանը նախաքննական մարմնից նաեւ փորձում էր իմանալ` ո՞ւմ հրամանով էր Տիգրան Աբգարյանը, որպես ժամկետային զինծառայող, բերվել դեպքի վայր, որտեղ նրան մահացու վիրավորել են։

Դատախազության ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը հայտարարեց, որ դատախազի այս տարվա փետրվարի 8-ի որոշման մեջ, ինչպես նաեւ նախորդ դատական նիստում Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանի բացատրության մեջ կան հնչեցված հարցերի պատասխանները այն ծավալով, որ ծավալով դա չի հակասում նախաքննության փուլում գտնվող քրեական գործի շահերին։

Դատախազի ելույթին հետեւեց Տիգրան Աբգարյանի մոր՝ Ռուզաննա Հարությունյանի խոսքը. - «Ես չեմ կարողանում հանգստանալ, ինձ երկու հարցի պատասխանեք՝ ո՞վ գնդակահարեց, իմ երեխայի վիզը ջարդեց այնտեղ, ո՞վ իրավունք ուներ իմ երեխային կյանքից զրկել։ Ես զինվոր էի ուղարկել, զորքը ի՞նչ գործ ուներ քաղաքի կենտրոնում»։

Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը հայտարարեց, որ զինծառայողի մայրը երբեւէ զրկված չի եղել իր հարցերի պատասխանները ստանալու իրավունքից:

Զոհերի հարազատները դատական նիստից դուրս եկան վրդովված եւ շարժվեցին դեպի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ: Հիմնավորելով, որ դատավարությունների ընթացքում ոտնահարվում են իրենց իրավունքները, արժանապատվությունն ու վիշտը՝ նրանք Օմբուդսմենից խնդրում էին մասնակցել դատական նիստերին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG