Մատչելիության հղումներ

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին նոր վարկային ծրագիր է առաջարկում


Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսա

Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսա

Հունիսի վերջին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը պետք է քննարկի Հայաստանի համար նոր վարկային ծրագրի մեկնարկի հարցը, որը կփոխարինի այժմ հաստատված «Օժանդակության վարկային ծրագիրը»։ Այս մասին հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանում ԱՄՀ-ի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:

Մայիսի 6-19-ը ԱՄՀ-ի առաքելությունը գտնվում էր Հայաստանում եւ հանրապետության ղեկավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել վերոհիշյալ ծրագրի շուրջ:

ԱՄՀ-ի տարածած մամլո հաղորդագրության համաձայն, նոր ծրագիրը բաղկացած է լինելու երկու գործիքներից` «Երկարաձգվող ֆինանսավորում» եւ «Երկարաձգվող վարկավորում»։

Ծրագրի շրջանակում Հայաստանի համար հասանելի ընդհանուր գումարը կկազմի 392 միլիոն ԱՄՆ դոլար։ Վարկի առաջին 52 միլիոն դոլար մասնաբաժինը Հայաստանը կարող է ստանալ հունիսին՝ ԱՄՀ-ի գործադիր խորհրդի կողմից ծրագրի հաստատվելուց անմիջապես հետո։ Հայաստանը պետք է նոր վարկը մարի 10 տարվա ընթացքում` մինչեւ 2020 թվականը:

Գիերմո Տոլոսան պարզաբանեց` քանի որ առկա ծրագիրը չեղյալ է հայտարարվելու եւ մեկնարկելու է նորը, նախատեսված գումարը պետք է հատկացվի «Օժանդակության վարկային ծրագրով» նախատեսված գումարի երկրորդ մասի փոխարեն, որը դեռեւս չի հատկացվել Երեւանին, բայց ավելի արտոնյալ պայմաններով։ Այլ կերպ ասած՝ այս նոր վարկային ծրագիրը չի բերի Հայաստանի արտաքին պարտքի ավելացման:

Տոլոսան դժվարացավ ասել, թե նոր ծրագրով նախատեսված միջոցները ի՞նչ ուղղությունների են հատկացվելու: Նշեց, թե դա պարզ կլինի ԱՄՀ-ի ղեկավարության կողմից նոր ծրագրի հաստատումից հետո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG