Մատչելիության հղումներ

logo-print

Մայիսի 20-ի մամուլ


«Առավոտ»-ի խմբագիրն անդրադառնում է օտարալեզու դպրոցների հարցին` գրելով. - «Նկատողություն անել մարդկանց, թե ինչու են Երեւանի փողոցներում ռուսերեն խոսում, ինչպես որ դա արվում էր 88-90 թվականներին` ծայրահեղություն է, էժանագին ինքնահաստատման եւ անդաստիարակության նշան: Չեխովի արձանի վրա հարձակվելը խուլիգանություն էր եւ բարբարոսություն: Բայց անկախության 20-րդ տարում ռուսական դպրոցները վերաբացելը մեկ այլ ծայրահեղություն է, որը ուղղակիորեն խփելու է հայոց լեզվի պետական կարգավիճակին: Այստեղ պետք է գտնել այն «բալանսը», որը մի կողմից` լուսանցքի հետեւում կթողնի կեղծ, շինծու «ազգայինը», մյուս կողմից` կպահպանի իրական ազգային արժանապատվությունը, որը պետք է ունենա անկախ պետության ցանկացած քաղաքացի»:

«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում Հայ Յեղափոխական Դաշնակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը քննադատում է այն ուժերին, որոնք փորձել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Չավուշօղլուին բողոքներ ներկայացնել Հայաստանի ներքին խնդիրների առնչությամբ: «Դաշնակցության համար, ընդհանրապես, ընդունելի չէ, երբ սեփական պետության վրա քաղաքական ուժը միջազգային կառույցներին կամ արտաքին ուժերին տղա է բերում։ Մենք իշխանության թերությունները բոլորից լավ գիտենք եւ, որպես քաղաքական ընդդիմադիր ուժ, պայքարում ենք այդ թերությունները ծնող պատճառների դեմ ու դրանք վերացնելու համար։ Դա մենք անում ենք սեփական ուժերով` առանց երկրի վրա տղա կանչելու։ Առավել եւս անընդունելի է, երբ տղա են բերում թուրք պաշտոնյային, որն արդեն ակնհայտ ցույց է տվել, որ Հայաստանին ու հայությանը վերաբերող որեւէ հարցում անկողմնակալ չէ», - ասում է Հովհաննիսյանը՝ ամփոփելով. - «Երբ քաղաքական ուժը հայությանը խոցող հավելյալ զենք է տալիս նրան, ապա կարելի է չկասկածել, որ Չավուշօղլուն ընդդիմությունից ստացած զենքը օգտագործելու է` ճիշտ պահին այն մեր թիկունքը խրելու համար»։

«Հրապարակ»-ի խմբագրականը գոհունակությամբ արձանագրում է, որ մեր հասարակության մեջ ձեւավորվում է հասարակականորեն ակտիվ երիտասարդների խավ՝ մանրամասնելով. - «Դա այն հույսն է, որ մեզ կարող է հուսադրել ու հավատ ներշնչել ապագայի նկատմամբ: Նրանք «ոսկե երիտասարդության» նման քաղքենի չեն, եւ հագուստ-մեքենա-բջջայիններ մրցավազքն էլ նրանց չի հետաքրքրում: Փոխարենը՝ նրանք հասարակական պրոցեսների են մասնակցում, քաղաքական պայքարի մեջ են ընդգրկված, բողոքի հնարամիտ ակցիաներ են անում եւ ամենեակարեւորը՝ համառ են: Սրանք արդեն սկսել են գործոն դառնալ մեր երկրում: Նրանց պարտադրանքով մանկապիղծ ուսուցիչն ի վերջո կանգնեց դատարանի առաջ: Նրանք ակտիվորեն պայքարում են Ուսանողական այգում ընթացող շինարարության դեմ, եւ, ի վերջո, կհասնեն նրան, որ այդ շինարարությունը կամ կասեցվի, կամ սահմանափակվի: Նրանք ակցիաներ են անում հօգուտ Նիկոլ Փաշինյանի եւ մյուս քաղբանտարկյալների: Երիտասարդական ավյուն՝ գումարած հաջողության հասնելու լավատեսություն. ահա այս նոր խավին բնորոշ գիծը»:

«Հայկական ժամանակ»-ի տնտեսական մեկնաբանի պնդմամբ՝ վերջին շրջանում եվրոյի շարունակական արժեզրկումը բացասաբար է անդրադառնում Հայաստանի տնտեսության վրա. - «Եվրոպայից Հայաստան ներկրվող ապրանքների գները, չնայած դրամի նկատմամբ եվրոյի այսչափ արժեզրկմանը, բացարձակապես չեն իջել: Եթե ընդհանրացնելու լինենք, ապա մրցակցային շուկա ունենալու դեպքում Հայաստանում վաճառվող ապրանքների ընդհանուր տեսականու 23 տոկոսի գինը պետք է իջնի 16 տոկոսով, ինչը, բնականաբար, տեղի չի ունեցել: Եվ ուրեմն, եվրոյի արժեզրկումը շատ մտահոգիչ է մեր տնտեսության համար: Որքան դրամի նկատմամբ եվրոն արժեզրկվում է, ճիշտ նույնքանով նվազում է մեր տնտեսության մրցունակությունը եվրագոտու երկրների տնտեսությունների համեմատ»:

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթին հարցազրույց է տվել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանը: Լրագրողը հարցնում է. - «Նախորդ նախարարների գործունեությունն ուսումնասիրելիս, Վերահսկիչ պալատը հայտնաբերեց, որ մանկատան երեխաներին բնակարան գնելու համար հատկացված գումարները յուրացվել են, իսկ նպաստառու ընտանիքներ կան, որոնք չպետք է լինեին այդ ցուցակներում: Պատասխանատուներին պատժելու ուղղությամբ որեւէ քայլ կատարե՞լ եք»: Նախարարը պատասխանում է. - «Իսկապես կար մանկատնից դուրս եկած պատանիներին բնակարանով ապահովելու ծրագիր, բայց որոշ անբարեխիղճ պայմանագրական հարաբերություններում չարաշահումներ եղան, եւ պալատն էլ արձանագրել է դա: Եթե չեմ սխալվում՝ գործը դատախազությունում է: Բայց ցավալին այն է, որ այդ ծրագիրը դադարեցվել է՝ մինչեւ մյուս երկրների փորձը ուսումնասիրենք, տեսնենք, թե ինչպես կարելի է ճիշտ աշխատել: Իսկ ինչ վերաբերում է նպաստներին, ապա նշենք, արդեն շուրջ 16 հազարը դուրս եկան հասցեականությունից: Այսինքն՝ մարդիկ, որոնք չունեին այդ նպաստի կարիքը, բայց ստանում էին, այլեւս չեն ստանա: Երբ օրենքի գերակայությունը մի փոքր թուլացնում ենք, արդեն ակտիվանում են համայնքային հարաբերությունները՝ բաջանաղ, քեռի եւ այլն: Եվ եթե մենք հետեւողական չլինենք, չի բացառվում, որ այսօր էլ կարող է նման բաներ լինեն»:

«Կապիտալ» թերթը գրում է. - «Այս տարվա մարտից Հայաստանում կոնֆլիկտ է գոյացել ձկնաբուծական տնտեսությունների եւ կառավարության միջեւ: Վերջինս պահանջում է, որ ձկնաբուծական տնտեսությունները փոխեն հողերի կատեգորիան, տեղադրեն ջրաչափեր, վճարեն հարկեր, մի խոսքով` տեղափոխվեն օրինական դաշտ: Դրան ի պատասխան՝ Ձկնաբույծների միությունը հրավիրեց համագումար, որում կառավարության պահանջները ենթարկվեցին խիստ քննադատության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG