Մատչելիության հղումներ

«Ալեքս Գրիգ» ընկերությունը տուգանվեց օղիների արտադրության ոլորտում անբարեխիղճ մրցակցության համար


Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չորեքշաբթի օրը 2,5 միլիոն դրամով տուգանեց պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը՝ օղիների արտադրության ոլորտում անբարեխիղճ մրցակցության համար։

«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից ընկերության գործողությունը որակվում է որպես անբարեխիղճ մրցակցություն», - իրենց վճիռը հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը։ - «Հանձնաժողովը նշանակում է տուգանք յուրաքանչյուր ապրանքատեսակի գծով 500 հազար դրամի չափով, ինչպես նաեւ հանձնարարում ընկերությանը դադարեցնել եւ շրջանառությունից հանել այդ օղիների իրացումը», - հավելեց նա։

Այն մասին, որ Հայաստանում արտադրվող 5 անվանումներով օղիներ նմանակված են, եւ դրանք կարելի է շփոթել ուկրաինական եւ բրիտանական արտադրության օղիների հետ, Հայաստանի իշխանություններին տեղեկացրել են Ուկրաինայի իշխանությունները։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակիցների կողմից հարուցված վարույթի արդյունքում պարզվել է, որ «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից արտադրվող մի շարք օղիներ՝ «Ուկրաինա», «Խլոպցի», «Մեդոֆե», «Պրեմիում», շփոթության աստիճան նման են ուկրաինական եւ բրիտանական արտադրության «Ուկրաինկա», «Մեդոֆֆ», «Խորտիցա», «Պրայմ» օղիներին, իսկ «Խլեբնիյ դար» անվանումով օղու պիտակների վրա ծանոթագրական գրառումները ուկրաիներեն են, ինչը կարող է մոլորություն առաջացնել օղու ծագման նկատմամբ: Հանձնաժողովը այս բոլոր դեպքերը գնահատեց որպես անբարեխիղճ մրցակցության դրսեւորում։

«Ալեքս Գրիգ» ընկերության կողմից նիստին ներկայացել էր փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը։ Նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նա ասաց, որ համաձայն չէ հանձնաժողովի եզրակացության հետ։
«Անբարեխիղճ մրցակցություն կլիներ այն դեպքում, երբ որ ապրանքային նշանի սեփականատերը իր իրավունքները դրա նկատմամբ իրականացներ հակամրցակցային նպատակներով։ Այ այդ դեպքում կլիներ անբարեխիղճ մրցակցություն», - հայտարարեց փաստաբանը։

«Ալեքս Գրիգ» ընկերությունը այսօր նաեւ տուգանվեց շաքարի եւ կարագի ներկրման եւ իրացման գների վերաբերյալ հանձնաժողովին տեղեկատվություն չներկայացնելու համար։

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություններ է իրականացնում շաքարավազի եւ կարագի շուկաներում: Այդ ուսումնասիրությունների իրականացման նպատակով Հանձնաժողովը տեղեկատվություն էր պահանջել շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող մի շարք ընկերություններից: Պահանջված տեղեկատվությունը թերի եւ ժամանակին չներկայացնելու համար հանձնաժողովը «Ալեքս Գրիգ», «Էտալոն Թրեյդ», «Առշենսան», ընկերություններին տուգանեց 500 հազարական դրամով, եւ տեղեկատվությունը 10-օրյա ժամկետում ներկայացնելու վերաբերյալ հանձնարարական տվեց:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG