Մատչելիության հղումներ

ԱՄՀ-ի ներկայացուցչի խոսքով, ՊԵԿ-ի որոշ պաշտոնյաներ բացասական ազդեցություն են թողնում բիզնես միջավայրի վրա


Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիս

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիս

Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Լյուիսի գնահատմամբ, Հայաստանում հավաքագրվող հարկերի մակարդակը ցածր է միջազգային չափանիշների համեմատ։ «Բացի այդ, կան ընկալումներ, որ երբեմն Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) որոշ պաշտոնյաներ բացասական ազդեցություն են թողնում բիզնես միջավայրի վրա` հարկատուների նկատմամբ իրենց վերաբերմունքի միջոցով», - չորեքշաբթի օրը հանդիպելով լրագրողների հետ՝ նաեւ ասաց Մարկ Լյուիսը։

Լրագրողների հարցերին պատասխանելուց առաջ Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելությունը ներկայացրեց այսօր միջազգային տնտեսական համակարգում, Եվրոպայում եւ Հարավային Կովկասում առկա տնտեսական իրավիճակի վերաբերյալ զեկույցը: Ելութ ունեցողներից Վերոնիկա Բակալուն, ով հիմնադրամի Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի ավագ տնտեսագետն է, անդրադաձավ Հայաստանի տնտեսական ցուցանիշներին եւ նշեց, որ արձանագրվում է տնտեսական աճ։ Փորձագետը, սակայն, ընդգծեց, որ Հայաստանի աճող պետական պարտքը «դառնում է մտահոգության առարկա»։

«Կասկած չկա, որ ձեր կառավարությունն ի վիճակի է սպասարկել իր արտաքին պարտքը», - զեկույցից հետո, «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան, մանրամասնեց Մարկ Լյուիսը։ - «Ինչ վերաբերում է պարտքի ծավալներին, խնդիրն այստեղ այն է, թե ինչքան արագ այդ պարտքը կուտակվեց: Ներկայում Հայաստանի պարտքի [սպասարկումը] կայուն է, բայց լուրջ ուշադրություն պետք է դարձվի հետագայում նոր պարտքերի կուտակման ծրագրերին` վստահ լինելու, որ պարտքը չի աճի շատ արագ», - հավելեց ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարը։

Մարկ Լյուիսը խոսեց նաեւ Հայաստանի տնտեսական համակարգում առկա «հզոր օլիգոպոլիաների» մասին։

«Օլիգոպոլիաների գոյությունը, անշուշտ, բերում է նրան, որ տնտեսության մեջ մրցակցությունը նվազում է, գներն աճում են, իսկ տնտեսական աճն էլ դանդաղում է: Կարծում եմ, դեռ վաղ է խոսել, թե ինչ է արվել սահմանափակելու օլիգոպոլիաների կշիռը», - նշեց ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարը։

Վերջում Մարկ Լյուիսը հրապարակեց Հայաստանի այս տարվա տնտեսական աճի վերաբերյալ Արժույթի միջազգային հիմնադրամի նոր գնահատականը:

«Մենք վերանայել ենք մեր գնահատականները: Մասնավորապես համախառն ներքին արդյունքի գծով 2010-ին մենք տեսնում ենք մոտ 4%-ոց աճ: Չնայած գնաճը կրճատվում է, բայց տարվա կտրվածքով կանխատեսում ենք, որ այն կլինի մոտ 6 տոկոս։ Գնաճի մասով այս կանխատեսումը խոշոր հաշվով չի տարբերվում մեր նախորդ կանխատեսումից», - նշեց Մարկ Լյուիսը։ - «Ինչ վերաբերում է պետբյուջեի դեֆիցիտին, մենք տեսնում ենք, որ այս տարի պետբյուջեի եկամուտները աճում են, ինչը հնարավորություն կտա ունենալ ավելի փոքր դեֆիցիտ` հակառակ մեր նախորդ կանխատեսման»։
XS
SM
MD
LG