Մատչելիության հղումներ

Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող բանաձեւը պատրաստ է


Հիլարի Քլինթոն
Հիլարի Քլինթոն
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող բանաձեւը պատրաստ է», - երեքշաբթի երեկոյան Վաշինգտոնում հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

«Մենք ընդհանուր հայտարարի ենք եկել պատժամիջոցներ նախատեսող բավական ազդեցիկ մի նախագծի շուրջ: Այս խնդրում մենք համագործակցել ենք թե' Ռուսաստանի եւ թե' Չինաստանի հետ», - ասել է Քլինթոնը:

Այն հանգամանքը, որ Արեւմուտքը, պաշտոնական Մոսկվան եւ Պեկինը Իրանի խնդրում համատեղ են հանդես գալիս, Քլինթոնի համոզմամբ, ծանր հարված է այն բոլոր ուժերի համար, որոնք կտրականապես ընդդիմանում են Իրանի դեմ ճնշումներին:

«Նրանց չի ոգեւորում համագործակցության նման բարձր մակարդակը: Նրանք լրջորեն անհագստացած են փաստից, որ բանաձեւի նախագծի տակ ստորագրել են նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը: Մեր հակառակորդների համար սա ծանր հարված է», - համոզված է ԱՄՆ-ի պետքարտուղարը:

Այս զարգացումները, սակայն, վտանգում են Իրանի միջուկային ծրագրի շուրջ կիրակի օրը Թուրքիայի եւ Բրազիլիայի միջնորդությամբ կնքված համաձայնագրի իրագործումը: Մայիսի 16-ին պաշտոնական Թեհրանը համաձայնեց իր տրամադրության տակ եղած ուրանի պաշարները ուղարկել Թուրքիա` հետագա հարստացման համար:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեքշաբթի երեկոյան խստորեն քննադատել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների` Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մտադրությունը:

«Այն ուժերն ու գործիչները, որ անվստահություն են ցուցաբերում Իրանի հետ կնքված համաձայնագրի հանդեպ, մեր տարածաշրջանում չեն բնակվում: Մենք ենք այս տարածաշրջանի բնակիչները եւ մեզ է քաջ հայտնի, թե ինչ է նշանակում ապրել մի տարածաշրջանում, որտեղ միջուկային զենք կա, որտեղ ամեն օր ռումբեր են պայթում, հարյուրավոր, հազարավոր մարդիկ են զոհվում», - հայտարարել է Էրդողանը:

«Ցավալի է նաեւ այն իրողությունը, որ միջուկային զենքի տարածման դեմ ամենաբարձրաձայնը հանդես են գալիս այդ զինատեսակին տիրապետող պետությունները: Եթե մեր նպատակը Իրանի շուրջ ծագած խնդիրների ազնիվ ու արդար լուծում գտնելն է` պետք է վերջ տանք պատժամիջոցների մասին խոսակցություններին: Պատմությունը վկայում է` պատժամիջոցներն առաջինը խախտում են այն պետությունները, որ եղել են դրանց կիրառման նախաձեռնողը: Պատժամիջոցներով որեւէ դրական արդյունքի չենք հասնի», - ընդգծել է Թուրքիայի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG