Մատչելիության հղումներ

Թվային հեռարձակման անցնելու մասին օրինագիծը քննադատությունների է արժանանում


Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծը, որով սահմանվում է անալոգայինից թվային հեռարձակման անցման կարգը, երեքշաբթի օրը խորհրդարանում քննադատության արժանացավ ինչպես ընդդիմադիր, այնպես էլ որոշ իշխանական կուսակցությունների կողմից։

Թվային հեռարձակման ցանցի միջոցով հանրապետությունում հեռարձակում իրականացնելու համար հեռուստառադիոընկերությունների լիցենզավորումը կանցկացվի մրցույթի միջոցով, որը կիրականացնի Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովը: Ընկերություններին արտոնագիր կտրամադրվի 10 տարի ժամկետով: Մրցույթը նախատեսվում է անցկացնել 2010 թվականի հուլիսի 20-ին, իսկ 2011-ի հունվարին հայտնի կդառնան հաղթած հեռուստաընկերությունները:

Օրինագիծը Ազգային ժողովում ներկայացնող Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանի փոխանցմամբ, նախատեսվում է մրցույթների արդյունքում ապահովել Երեւանում 18 հեռուստաալիքների եւ 12 ռադիոկայանների հեռարձակումը, իսկ մարզերում՝ համապատասխանաբար 9 հեռուստաալիքների եւ 4 ռադիոկայանների հեռարձակում: Մայրաքաղաքային 18 հեռուստաընկերություններից երկուսը լինելու են հանրային, 5-ը ընդհանուր ուղղվածության, 5-ը թեմատիկ ուղղվածությանը, 5 կհանդիսանան վերահեռարձակողներ։ Կգործի նաեւ 1 երեւանյան նշանակության հեռուստաընկերություն։

2013 թվականի հուլիսի 20-ից Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կդադարեցվի անալոգային հեռուստահեռարձակումը եւ այդ պահից սկսած` կիրականացվի միայն թվային հեռարձակում:

«Իրավական խորամանկություն»


Օրինագիծը խորհրդարան է ներկայացվել հրատապության կարգով, ինչը նշանակում է, որ այն չի քննարկվել խորհրդարանի գիտության, կրթության մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Դավթյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե «շատ ավելի ճիշտ կլիներ, որ հանձնաժողովում քննարկվեր»։

Ընդդիմադիր Հայ հեղափոխական դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը օրենքի քննարկման ժամանակ իր ելույթում կարծիք հայտնեց, որ կառավարությունը օրենքի փոփոխությունների անվան տակ պարզապես նոր ձեւակերպմամբ օրենք է ներկայացրել՝ կատարելով «իրավական խորամանկություն», որպեսզի հնարավորություն ստանա օրենքը ներկայացնել հրատապ կարգով քննարկման։

Պատգամավորները բազմաթիվ թերություններ եւ բացթողումներ մատնանշեցին ներկայացված օրինագծում: Դրանցից մեկը վերաբերում էր արտոնագիր ստանալու համար հեռուստաընկերություններից պահանջվող հիմնական պայմաններին:

Իշխող կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդրանական խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե գործող օրենքից հանվել են մի շարք կարեւոր դրույթներ։

«Գործող օրենքով լիցենզիա ստանալու համար [հեռուստառադիոընկերությունների] առաջադրած ծրագրերը պետք է ապահովեն շատ կարեւոր սկզբունք՝ տեսակետների բազմակարծություն», - մասնավորապես, փաստեց Զոհրաբյանը։ - «Հանված է նաեւ հետեւյալ դրույթը, որ արտոնագրի մերժման դեպքում պետք է լինի հստակ հիմնավորում, թե ինչու է մերժվել»։

«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը իր ելույթում հայտարարեց, որ կառավարությունն ի սկզբանե ստեղծել է այնպիսի խաղի կանոններ, որոնց կիրառման պարագայում Հայաստանի լրատվամիջոցներին տխուր ապագա է սպառնում եւ չբացառեց, որ այդ տխուր ապագան կրկին սպառնա եթերազրկված Ա1+ հեռուստաընկերությանը:

«Քանի դեռ լրամշակելու տարբերակ կա, այս օրինագիծը չպետք է դրվի Ազգային ժողովում քննարկման», - հայտարարեց Սաֆարյանը՝ կառավարությունից պահանջելով հետ վերցնել օրինագիծը եւ «նետել աղբարկղը»։

Ազգային ժողովի փոխնախագահ, հանրապետական Սամվել Նիկոյանը իր խոսքում ընդունեց, որ ներկայացված օրինագծում կան վիճահարույց խնդիրներ։ Նիկոյանը, սակայն, կարծիք հայտնեց, որ օրինագիծը դեռ ճանապարհ է անցնելու։

«Ուղղակի ես չէի ուզենա, որ մենք հանկարծ ընդունենք այնպիսի օրենք, որը հետագայում շատ շուտ փոփոխելու կարիք առաջանա», - ասաց Հանրապետական պատգամավորը։

Օրինագծի քննարկումը կշարունակվի ԱԺ մայիսի 19-ի նիստում:
XS
SM
MD
LG