Մատչելիության հղումներ

Կաննի կինոշուկայում ներկայացված է նաեւ Հայաստանը


Կաննի 63-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցապաստառը:
Կաննի 63-րդ կինոփառատոնի պաշտոնական ցուցապաստառը:

Մայիսի 12-ին մեկնարկած Կաննի 63-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում գործող կինոշուկայում ներկայացված է նաեւ Հայաստանը:

Կինոյի աշխարհում թերեւս ամենահեղինակավոր փառատոնը այս տարի բացվեց աշխարհի ամենատարեց ռեժիսոր` 101-ամյա բրազիլացի Մանուել դե Օլիվեյրայի «Անժելիկայի տարօրինակ դեպքը» ֆիլմով: Հանրահայտ ռեժիսոր Թիմ Բերթընի գլխավորած ժյուրիի կազմում է նաեւ կանադահայ Ատոմ Էգոյանը:

Հայաստանը կինոփառատոնում ներկայացված չէ, սակայն փառատոնի շրջանակում անցկացվող Կաննի միջազգային կինոշուկային Հայաստանի ազգային կինոկենտրոնը ներկայացնում է 8 անիմացիոն, 4 վավերագրական, 12 դեբյուտային եւ ուսանողական, 3 խաղարկային կարճամետրաժ եւ 8 խաղարկային լիամետրաժ ֆիլմեր:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը «Ազատություն» ռադիոկայանին Կաննից հեռախոսով փոխանցեց, որ կինոշուկայում ներկայացված բազմաթիվ երկրների շարքում Հայաստանի փոքրիկ տաղավարը այցելուների պակաս չունի:: Շատերը, նրա խոսքով, այցելում են հայկական տաղավար ժամանակակից հայ կինոին ծանոթանալու նպատակով, իսկ մյուսները գործընկերներ են փնտրում:

«Հայկական տաղավարի նկատմամբ հետաքրքրություն կա, անընդհատ լիքն է տաղավարը: 30-ից ավելի ֆիլմեր ենք ներկայացրել», - ասաց Գեւորգյանը:

Նրա խոսքով, հայկական ֆիլմերը ներկայացնելուց հետո շատ հաճախ տարբեր կինոփառատոններից մասնակցության հրավերներ են ստանում:

Կինոշուկայի շրջանակներում լինում են նաեւ ֆիլմերի ցուցադրություններ: Արդեն ներկայացվել են երկու հայկական ֆիլմեր՝ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռները» եւ Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն»:

«Անցած տարվա Կաննի փառատոնից հետո մենք հարյուրավոր փառատոնների հրավերներ ստացանք», - եզրափակեց Գեւորգ Գեւորգյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG