Մատչելիության հղումներ

logo-print

Միխայիլ Խոդորկովսկին հերթական հացադուլը անցկացրեց


Միխայիլ Խոդորկովսկի, 18-ը մայիսի, 2010թ.

Միխայիլ Խոդորկովսկի, 18-ը մայիսի, 2010թ.

Ռուսաստանյան ՅՈւԿՕՍ ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին հերթական անգամ հացադուլի էր դիմել:

Ռուսաստանի` երբեմնի ամենահզոր նավթային ընկերություններից մեկի նախկին ղեկավար, արդեն 7 տարի անազատության մեջ գտնվող Միխայիլ Խոդորկովսկին առաջին անգամը չէ հացադուլ հայտարարում: Այս անգամ, սակայն, Կրեմլի հասցեին սուր քննադատություններով հայտնի գործարարը փորձել է նախագահի ուշադրությունը հրավիրել դատարաններում տիրող ամենաթողությանն ու օրենսդիր մարմինների կողմից իրականացվող օրինախախտումներին։

«Հացադուլ հայտարարելու մասին տարածած իր նամակում Խոդորկովսկին ընդամենը մեկ պահանջ է առաջ քաշում` տեղեկացնել նախագահ Դմիտրի Մեդվեդեւին դատարաններում տիրող այլանդակ իրավական նիհիլիզմի եւ օրենքների նկատմամբ հստակ արհամարհանքի մասին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Խոդորկովսկու փաստաբան Յուրի Շմիդտը։

Պայքարի այդ ծայրահեղ միջոցին դիմելու մասին Խոդորկովսկին հայտարարեց անցած շաբաթավերջին, այն բանից հետո, երբ դատարանը երկարաձգեց նրա եւ գործընկեր Պլատոն Լեբեդեւի կալանքի ժամկետը` մեղադրելով փողերի լվացման եւ 350 միլիոն տոննա նավթ հափշտակելու մեջ։ «Այդ որոշումը անօրինական է», - հայտարարում է Խոդորկովսկին եւ ընդգծում. - «Նախագահ Մեդվեդեւի նախաձեռնությամբ ապրիլին կատարված օրենսդրական փոփոխություններով Ռուսաստանում տնտեսական հանցագործությունների համար այլեւս ազատազրկում չի նախատեսվում»։

«Ես գիտեմ, որ սա դատարանի կողմից օրենքը չկիրառելու առաջին դեպքը չէ», - նշել է Խոդորկովսկին: - «Կոնկրետ այդ որոշումը իմ ճակատագրի վրա որեւէ ազդեցություն չի կարող թողնել, ես դատարանում եմ եւ կշարունակեմ այստեղ մնալ, սակայն չեմ կարող համաձայնել օրենքի` այսչափ ակնհայտ սաբոտաժին, ինչը խարխլում է վստահությունը իշխանությունների հանդեպ, խրախուսում է կոռուպցիան եւ կարող է կործանել հարյուրավոր ճակատագրեր»։

Հետեւելով ազատազրկված գործարարի օրինակին` նախագահ Դմիտրի Մեդվեդեւին ուղղված բաց նամակ են տարածել նաեւ մի խումբ ռուս իրավապաշտպաններ` պահանջելով երկրի ղեկավարից հստակ քաղաքացիական դիրքորոշում որդեգրել եւ դատապարտել օրենքի նկատմամբ սաբոտաժն ու անհարգալից վերաբերմունքը։

«Խոդորկովսկու եւ Լեբեդեւի ազատ արձակումը կդառնա թեկուզեւ առաջին, այդուամենայնիվ, շատ կարեւոր քայլ` Ռուսաստանը օրինականության դաշտ վերադարձնելու ուղղությամբ», - ընդգծել են իրավապաշտպանները Մեդվեդեւին ուղղված նամակում։

Ռուսաստանի եւ աշխարհի` երբեմնի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Խոդորկովսկին մեղադրվում է քրեական օրենսգրքի 7 հոդվածներով, այդ թվում` հարկերից խուսափելու, ֆինանսական զեղծարարությունների ու հափշտակության մեջ։ 2005 թվականին դատարանը նրան 9 տարվա ազատազրկման դատապարտեց, թեեւ գործարարը մինչեւ այժմ հերքում է ներկայացված մեղադրանքները եւ պնդում, թե դատական գործը սարքվել է քաղաքական շարժառիթներով եւ ՅՈւԿՕՍ-ի կարողությունը վերաբաշխելու ցանկությամբ։

Խոդորկովսկու փաստաբան Վադիմ Կլյուգվանտը չորեքշաբթի առավոտյան ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է, որ իր պաշտպանյալը դադարեցրել է երկու օր առաջ սկսած հացադուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG